Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով, ինչի մասին Կիլիկիո հայոց կաթողիկոս Արամ Ա-ն խոսել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին՝ Երևանում կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում:
Այսպիսով` Արամ Ա-ն հայկական իրականության մեջ առաջին անգամ ձեռնարկում է եկեղեցապատկան կալվածքներն իրավական ճանապարհով վերադարձնելու նախաձեռնություն: Դրանով ոչ միայն փորձ է արվում նոր հուն տեղափոխել Ցեղասպանության հետևանքների վերացման և պահանջատիրության գործընթացը, այլև փաստացի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը զուտ ճանաչման գործընթացից տեղափոխել փոխհատուցման առաջնահերթության շրջանակ: Սա ոչ միայն համարձակ, այլև նույնիսկ առավել քան ռիսկային նախաձեռնություն է:
Ակնհայտ է, որ Կիլիկիո կաթողիկոսության հիմնական նշանակետը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Հաշվարկը, թերևս այն է, որ եթե Թուրքիայի ՍԴ-ն բավարարի այդ հայցապահանջը, ապա ոչ միայն հնարավոր կլինի վերադարձնել Սիսի կաթողիկոսության նստավայրն ու նրան պատկանող եկեղեցիներն ու կալվածքները, այլև նախադեպ կհանդիսանա այլ՝ քաղաքացիական ու համայնքային շրջանակների կողմից թուրքական դատարանները նմանատիպ հայցապահանջներով հեղեղելու համար և ուղղություն ու փորձառություն կտա՝ այդ պահանջները պաշտպանելու առումով՝ ելնելով թուրքական արդարադատության և օրենսդրության նրբություններից: Իսկ եթե չի բավարարի, ինչն առավել քան հավանական է, քանի որ Թուրքիայում լավ են հասկանում ինչի կարող է այն հանգեցնել, ապա դա գոնե իրավական հիմք կստեղծի` հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տեղափոխելու համար:
Ակնհայտ է, սակայն, որ ՄԻԵԴ-ին դիմելը ևս չի երաշխավորում գործի հաջողությունը երկու հիմնական պատճառով: Նախ՝ հայցապահանջը պետք է այնքան ամուր իրավական ու փաստական հիմք ունենա, որ ՄԻԵԴ-ին մանևրելու հնարավորություն չթողնի, ինչպես, օրինակ, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի պարագայում էր: Երկրորդ՝ ակնհայտ է, որ Թուրքիան կգործադրի բոլոր հնարավոր ու անհնար միջոցները՝ կա'մ գործը ՄԻԵԴ-ին չհասցնելու, կա'մ այնտեղ դրա տապալմանը հասնելու ուղղությամբ, ինչը, բացի իրավականից, նաև քարոզչական և քաղաքական լուրջ դիմակայություն է ենթադրում:
Հետևաբար, մնում է հուսալ, որ խիստ պատասխանատու, ըստ էության, հայոց իրավական պահանջատիրության հիմքերն ստեղծող այս նախաձեռնությունն իրականացնելուց առաջ թե' Կիլիկիո կաթողիկոսությունը և թե' այդ հայցապահանջի ձևակերպման ու դատական գործընթացում ներգրավվող թիմը ճիշտ է հաշվարկել հետևանքները, որովհետև ձախողումն այստեղ կարող է դառնալ թուրքական ժխտողականության հիմնական զենքերից մեկը:
Տակտիկապես թերևս արդարացվում է Թուրքիայի ՍԴ-ին ապրիլի 24-ից անմիջապես հետո դիմելու քայլը: Միջազգային հանրությունը դեռևս 100-րդ տարելիցի տպավորությունների տակ է, իսկ Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ վերջին շաբաթների աննախադեպ արդյունավետ գործընթացները կարծես ձևավորել են նման քայլ կատարելու համար անհրաժեշտ մթնոլորտը: Հարցն այն է՝ որքանո՞վ է այս քայլը կրում համակարգային, ծրագրված բնույթ, այսինքն` սա զուտ առանձին, անհատական նախաձեռնությո՞ւն է, թե՞ մասշտաբային ու հետևողական ինչ-որ պրոցես սկսելու նախերգանք:
Այն, որ Հայ Դատի հանձնախումբը այս նախաձեռնության արմատներում է, թույլ է տալիս ենթադրելու, որ սա ինչ-որ նոր պրոցեսի սկիզբ է: Բայց, եթե այդպես է, ապա առնվազն երկու հարց է առաջանում. նախ՝ որքանո՞վ է այլ գործերի հարցում պատրաստված հայկական կողմը, և երկրորդ՝ որքանո՞վ է այս մեկնարկը համաձայնեցված Հայաստանի հետ: Ընդամենը ժամեր առաջ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է նշանակում 100-րդ տարելիցի համար ընտրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի երկրորդ բաղադրիչը, պատասխանեց, թե պահանջը վերաբերում է միայն ճանաչմանը: Եթե նկատի ունենանք, որ այդ կարգախոսն ընտրվել է 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից, որտեղ նաև Սփյուռքի ներկայացուցիչներ են, ապա Արամ Ա-ի այս նախաձեռնությունը փաստացի հակադրվում է նման մոտեցմանը:
Կիլիկո Հայոց կաթողիկոսը, փաստորեն, ապացուցում է, որ Սփյուռքի ընկալմամբ «պահանջում եմ»-ը վերաբերում է հատուցմանը, այլ ոչ միայն ճանաչմանը: Բացի դրանից` Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միասնական կամք են ցուցաբերում Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար «մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած՝ հռչակագրով պահանջատիրական գործընթացի մեկնարկ էր համարվում «իրավական պահանջների թղթածրարի» մշակումը, որը ներառում է թե' պահանջների շրջանակը, թե' դրանք պաշտպանելու մեխանիզմները: Մինչդեռ Կիլիկիո կաթողիկոսության քայլը կոնկրետ գործողություն է, որը ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել թղթածրարի մշակման աշխատանքի համատեքստում:
Հարց է առաջանում՝ այս նախաձեռնությունն արվում է ի հեճուկս Հայաստանի կողմից Թուրքիայից պահանջներ չունենալու մասին` պաշտոնական Երևանի կողմից վերջին օրերին արվող հայտարարությունների՞, թե՞ պարզապես տակտիկա է, որի իմաստը մի կողմից Հայաստանի միջազգային գործոնի մեծացման և Թուրքիայի հանդեպ ճնշումների ներկայիս էֆեկտը պահելն է՝ դրանից հնարավորինս շատ դիվիդենդներ քաղելու համար, իսկ մյուս կողմից` պահանջատիրության հիմնական բեռը Սփյուքի վրա կենտրոնացնելով՝ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքի խորացումը թույլ չտալը: Այս իմաստով ձեռնարկը հավելյալ բացատրությունների կարիք ունի, որը, թերևս, կտրվի վաղը կայանալիք մամլո ասուլիսում:
Գևորգ Աղաբաբյան