կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 15:51
Քաղաքական

Եթե 2018-ին Արցախի հարցը փակուղում էր, Փաշինյանն այդ մասին իմացավ փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առա՞ջ. նա պետք է օրենքի ամբողջ ուժով պատժվի` որպես հայրենիքը վաճառքի առարկա դարձրած անձ. Ա. Կյուրեղյան

Եթե 2018-ին Արցախի հարցը փակուղում էր, Փաշինյանն այդ մասին իմացավ փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առա՞ջ. նա պետք է օրենքի ամբողջ ուժով պատժվի` որպես հայրենիքը վաճառքի առարկա դարձրած անձ. Ա. Կյուրեղյան

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունակ է անընդհատ նոր ստեր հորինել, մանիպուլյատիվ հայտարարություններ անել իր՝ արդեն արված հին ստերի, սխալների արդարացման համար, վաղուց արդեն հայտնի է բոլորին։ Այն, որ նրա այսօրեական հայտարարությունը հակասում է նախորդ օրերի հայտարարություններին, ոչ մեկին արդեն չի զարմացնում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որի համաձայն՝ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: 

«Ենթադրենք, թե նա ճիշտ է, և 2018 թվականի դրությամբ Արցախի հարցը փակուղում էր: Այդ մասին Փաշինյանն իմացավ միայն 2020 թ․ սեպտեմբերի՞ն, հոկտեմբերի՞ն, թե փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առաջ։

Եթե ինքը պնդում է, որ 2018 թ․ հայտնի էր, ապա ինչո՞ւ էր 2.5 տարի անընդհատ ժողովրդին խաբում, ինչու էր գոռում, թե Արցախը Հայաստան է և վերջ, ինչու՞ էր դեռ 2018թ-ի օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում հայտարարում, թե Արցախի հարցը լուծելուց առաջ կգա և կհարցնի ժողովրդին։ Այդ ընթացքում ես իրեն հարցրի, թե այդ ինչպե՞ս է պատրաստվում նման հարցի պատասխանը ստանալ հրապարակում, և ոչ, ասենք, հանրաքվեով, նա պատասխանեց․ «Համարեք իմ ձևակերպումը միամիտ իջևանցու բացթողում»»,-ասաց Կյուրեղյանը՝ դիմելով Փաշինյանին.

«Նիկոլ, միամիտ իջևանցի, սա՞ էր քո բացթողումը, այս կապիտուլյացիոն փաստաթու՞ղթը։ Ո՛չ։ Սա հստակ ծրագրված քայլ էր, որին դու համաձայնել էիր չգիտեմ՝ ինչ գնով և որի իրականացման համար հենց քեզ բերեցին իշխանության»,-ասաց ՀՅԴ ՀՄ անդամը՝ ընդգծելով, թե մերժում է այն կարծիքը, որ Փաշինյանն ուրիշ տարբերակ չուներ, կամ խելքը չէր հասնում, չէր կարող, թիմը լավը չէր։

«Նա շատ լավ էլ գիտակցել է, թե ինչի համար է գալիս։ Նա եկել է, նրան բերել են, նա համաձայնել է մեր հերոսների արյան գնով ազատագրված Շուշին, Արցախը հանձնելուն։

Ըստ Կյուրեղյանի՝ իշխանական թիմի գործունեության արդյունքում տեղի է ունեցել ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի, հարևան Իրանի հետ հարաբերությունների ամենահնարավոր ձևով վատթարացում, Արցախյան հերոսամարտի, նրա հերոս հրամանատարների հերոսությունների արժեզրկում, Երկրապահի կազմալուծում, ընտանեկան արժեքների արժեզրկում, կրթության ոլորտի ապազգայնացում, հանրությանը «սևի» ու «սպիտակի» տարանջատում, Կառավարության, ԱԺ-ի, ՍԴ-ի բռնազավթում միանձնյա իշխանության հաստատման համար։

«Եվ այս ամենից հետո ասել, թե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր կարող անել, ստիպված էր, որովհետև վատ փաստաթուղթ էր ժառանգություն ստացել, նշանակում է՝ դավաճանին արդարացնել և դառնալ դավաճան։ Սա ծրագրված էր, և այն իրականացնելու համար որպես գլխավոր դերակատար նշանակված էր Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ նա համաձայնել էր այդ դերին՝ շատ լավ գիտակցելով, թե ուր է տանելու երկիրը»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։

Անդրադառնալով Փաշինյանի գրառման այն կետին, թե Կազանյան փաստաթղթում հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել, Կյուրեղյանն արձագանքեց.

«Եթե այդ փաստաթութը դեռևս 2011 թ․ ստորագրված էր, ապա ինչու՞ մինչև իր՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը չէր իրագործվում, արդեն ստորագրած փաստաթուղթը ինչու՞ նորից ստորագրեց՝ իր վրա վերցնելով իրականացման ողջ պատասխանատվությունը։ Ամեն դեպքում, նա մեր երկրին կպցրեց պարտվածի պիտակը, ոչ թե ուրիշները՝ 2011թ-ին»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման այն կետին, թե Շուշիի հարցը լուծված է եղել Մադրիդյան սկզբունքներով, որում, հստակ ասվում է, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, Կյուղրեղյանը հղում կատարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը.

«Պուտինն այդ առիթով ասել է՝ «ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր Փաշինյանը դեմ դրան, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակիչներին, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները։ Փաշինյանն ինձ ասաց, որ կտրուկ դեմ է դրան, հայկական կողմը շարունակելու է կռվել»։ Հիմա Փաշինյանն ու՞մ է խաբում, ինչու՞ է խաբում։ Չէ՞ որ խոսքը միայն ադրբեջանցիների վարադարձի մասին էր, ովքեր, ամենայն հավանականությամբ, առաջարկվող պայմաններում դժվար թե համարձակվեին գալ, և ոչ թե համամասնությամբ բնակչության քանակի ապահովման մասին։ Թե՞ տոկոս հաշվելու պարզագույն մաթեմատիկական գործողությունից ո՛չ ինքն է բան հասկանում, ո՛չ էլ կողքինները, և դեռ ավելին՝ համոզված է, որ իր «զոմբիներն» էլ չեն հասկանա»,-ասաց նա։

Ըստ Կյուրեղյանի՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա. «Նա դեռ պատասխան է տալու այս ամենի համար։ Փաշինյանը պետք է օրենքի ամբողջ ուժով պատժվի որպես սահմանադրական կարգը բազմակի անգամ տապալող, հայրենիքը վաճառքի առարկա դարձրած անձ»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:

Աղբյուրը՝ Tert.am