Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը: Ուշագրավ է, որ վերջին օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Թուրքիայից հողային պահանջներ չունենք:
Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով վերոնշյալ պահանջին, ընդգծեց, որ մեր պահանջատիրությունը պետք է ներառված լինի երեք ասպեկտներում:
«Առաջինը` Հայաստան պետության կողմից պետք է պահանջներ ներկայացվեն, երկրորդը` Հայ Առաքելական եկեղեցու կողմից, և երրորդը` անհատների կողմից պետք է լինեն պահանջները: Կարծում եմ` այն քայլը, որը արել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տեղավորվում է հայոց պահանջատիրության այս բաղադրիչներից մեկի մեջ»,- նշեց թուրքագետը:
Ըստ նրա` գաղտնիք չէ, որ Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիայի տարածքում ունեցել է բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր:
«Բնական է, որ հայոց ամենակարևոր պահանջատերերից մեկն էլ եկեղեցին է: Կարծում եմ, որ այս երեք պահանջատիրական ուղղությունները կարող են ինչպես իրար զուգահեռ գոյություն ունենալ, այնպես էլ` իրարից անկախ: Այսինքն` Հայոց եկեղեցին ներկայացնի իր պահանջները, անհատները ներկայացնեն իրենց պահանջները, Հայաստան պետությունն էլ, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, հարմար պահի ներկայացնի իր պահանջները: Այնպես որ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի քայլը ողջունելի է»,- ասաց Մելքոնյանը:
Անդրադառնալով կաթողիկոսարանի ներկայացրած պահանջի իրավականությանը` նա ընդգծեց. «Դրա իրավականության հետ կապված` հուսանք, որ ամեն ինչ նորմալ կընթանա: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ-ն պահանջում է օրենքների սահմանադրականությունը: Չգիտեմ` ինչքանով են գույքային հարցերը ևս կարգավորվում այդ դատարանում, բայց հուսամ, որ կաթողիկոսությունն ունի իրավական լավ խորհրդատուներ, որոնք էլ այդ գործընթացը հաջող ուղիով կտանեն»: