կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 17:56
Հասարակություն

Ինչով է պայմանավորված եկեղեցու պահանջատիրությունը

Ինչով է պայմանավորված եկեղեցու պահանջատիրությունը

Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլքսանչորսյան միջոցառումներին ընդառաջ և դրան հաջորդող ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանի շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչեց այն բնորոշումը, թե մենք Թուրքիայից հողային պահանջներ չունենք: ՀՀ նախագահի նմանօրինակ հայտարարություններին հաջորդեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության` թուրքական ՍԴ-ին պահանջ ներկայացնելը` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով: Ուշագրավ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես կարող է Թուրքիայից պահանջել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատմել է, որ ներկայումս պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման վրա են աշխատում:

 

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ է Թուրքիային նման պահանջներ ուղղելը, քանի որ այնտեղ քիչ չեն եկեղեցիներն ու կալվածքները, որոնք հայերին են պատկանում:

 

Մեր դիտարկմանը, թե, ասես, իրար հակասող գործելաոճ ընտրած լինեն մեր հոգևոր և պետական այրերը, կամ գուցե յուրօրինակ տակտիկայի արդյո՞ւնք է Սերժ Սարգսյանի նման պահվածքը և հայկական եկեղեցու այսպիսի մոտեցումը, թուրքագետը պատասխանեց. «Եկեղեցիները պետության նախագահի տնօրինության տակ չեն գտնվում, կաթողիկոսների տնօրինության տակ են: Իրականում` որքան էլ Սերժ Սարգսյանն ասի ` մենք հողային պահանջներ չունենք, միևնույն է` թուրքերն էլ են հասկանում, որ դա տակտիկական քայլ է: Երբ ժամանակն ու պայմանները հասունանան, Հայաստանի նախագահը կփոխի իր վերաբերմունքը: Սա քաղաքականության մեջ շատ ընդունված ձև է: Սերժ Սարգսյանի ասածը բոլորովին էլ չի սփոփում թուրքերին»:

 

Չաքրյանի կարծիքով`մեր հոգևոր դասի պահանջատիրության նման մղումները Հռոմի պապի վերջին հայտարարության, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, նաև Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների բարերար ազդեցությունն են: «Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փուլը թևակոխում է Ցեղասպանության հետևանքների վերացման փուլ: Թուրքական դիվանագիտությունն այս պահին վատ վիճակում է»,- ասաց նա: