կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 20:27
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին

ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին

Այսօր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում  հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ  Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:   Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը,  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:

 

Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս կարեւորագույն օրերին հույն ժողովուրդը՝ հանձին խորհրադարանի նախագահի, մեր ժողովրդի կողքին է եւ մասնակցում է 100-ամյա տարելիցի  միջոցառումներին:

Ներկայացվեցին  ՀՅԴ  պատմությունն ու անցած ճանապարհը, այժմյան  քաղաքական օրակարգը, դիրքորոշումները ներքին եւ արտաքին կարեւորագույն հարցերի՝ այդ  թվում Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Սիրիայում քրիստոնյաների եւ մասնավորապես՝ հայերին սպառնացող վտանգի շուրջ:

 

Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին ընդգծեց, որ  հայ եւ հույն ժողովուրդները  դարավոր բարեկամներ են եւ ունեն  նույնական ճակատագրեր, ուստի եւ բնական է, որ իրենք այս օրերին Երեւանում են:

Զոի Կոնստանդոպուլուն խոսեց նաեւ Հունաստանի առջեւ ծառացած տնտեսական դժվարություններից, ինչպես նաեւ կառավարության ձեռնարկած այն քայլերից, որոնք ուղղված են այդ իրավիճակից դուրս գալուն:

 

Քննարկվեցին   2 կուսակցությունների միջեւ սերտ փոխգործակցության, միջազգային ասպարեզում հույն եւ հայ պատգամավորների համագործակցության հնարավորությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել: