Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած փաստաթուղթն աննախադեպ էր:
«Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթն աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ նման հայանպաստ համատեքստի շրջանակներում ընդունվեց՝ ապրիլի 24-ի նախօրյակին, բայց, ընդհանուր առմամբ, այս որոշումը դեռևս 1987թ. սկսված գործընթացի բաղկացուցիչ մասն է: Այդ ժամանակ առավել մանրամասն քննարկվեցին և' Հայոց ցեղասպանության պատժելիության, և' Հայոց ցեղասպանության որակման, և' հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու հարցերը»,- ընդգծեց Վարդանյանը:
Նրա բնորոշմամբ՝ նոր փաստաթուղթն առավել կարևոր է և նախորդ փաստաթղթերից առանձնանում է նրանով, որ ավելի շատ է ընդգծվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: «Չպետք է շատ ռոմանտիկ լինել և ասել, որ այս փաստաթուղթը զուտ ուղղված է Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանը։ Այն նաև այլ քաղաքական խնդիրներ է հետապնդում, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի հետագա հարաբերակցության առնչությամբ ընդունված փաստաթուղթ է»,- նշեց Վարդանյանը:
Նա հավելեց, որ, իրավական փաստաթուղթ լինելով հանդերձ, շատ հնարավոր է, որ այն իրավական լուրջ ազդեցություն չթողնի հետագա գործընթացների վրա:
Հարցին` հնարավո՞ր է` ընդունված փաստաթուղթը խոչընդոտի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն, բանախոսը պատասխանեց. «ԵՄ-ին անդամակցելու համար էլ այն լուրջ խոչընդոտ չի կարող հանդիսանալ»: