կարևոր
2755 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-17 00:04
Աշխարհ Քաղաքական

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ–ի X սոցիալական ցանցի էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։

ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային:

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերագրի բնօրինակը ներկայացրել է ՄԱԿ միջազգային պայմանագրերի բաժանմունքի տնօրենին՝ Հռոմի կանոնադրության ավանդապահ հանդիսացող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից այն ի պահ ընդունելու նպատակով։

Վավերագրի բնօրինակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի կանոնադրությանը միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: