կարևոր
4165 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 17:36
Քաղաքական

Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթն, ի սկզբանե, առ ոչինչ է․ Գալստյան

Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթն, ի սկզբանե, առ ոչինչ է․ Գալստյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ «Արցախի ինքնալուծարման» վերաբերյալ «հրամանագիրն», ի սկզբանե, առ ոչինչ է, քանի որ նման հրամանագիր ստորագրելու լիազորություն Արցախի նախագահը չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեցին ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել, այսպես կոչված, ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։ Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։ Բացի այդ, Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերի 28-ին նախագահի կողմից հրամանագիր է ստորագրվել, այսպես կոչված, Արցախի հանրապետության ինքնալուծարման վերաբերյալ, լուծարվում են ԼՂ պետական կառույցները, Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ։
Նշված հրամանագիրն, ի դեպ, ամբողջությամբ չի էլ հրապարակվել, այն հասանելի չէ և որպես տեղեկության աղբյուր նշվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը։

Ավելին, պարզվում է, որ արցախցի պաշտոնյաները ևս հրամանագիրը չեն տեսել։ Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ, ի սկզբանե, այդ հրամանագիրն առ ոչինչ է, քանի որ Արցախի նախագահը նման հրամանագիր ստորագրելու լիազորություն չունի։
«Խնդիրը հենց այստեղ է, որ փորձում են այդ հրամանագրին ինչ-որ ուժ տալ, ներկայացնել այնպես, որ դա իբրև իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ, այդ հրամանագիրն ի սկզբանե առ ոչինչ է։ Այն չի կարող խանգարել Արցախի լինել-չլինելու հարցում, քանի որ, կրկնում եմ, ի սկզբանե առ ոչինչ է, որ մի հատ էլ փորձենք դա որպես փաստաթուղթ դիտարկել և վիճարկել»,- նշեց Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է հանրաքվեով։

«Արցախի Հանրապետության հիմնադիրը ԱՀ քաղաքացիներն են՝ արցախցիները, հետևաբար, իրենց անունից որևէ անձի կողմից ( դա լինի քաղաքական ուժ կամ իշխանության ղեկավար), որևէ փաստաթուղթը, որով կփորձեն Արցախի Հանրապետությունը ճանաչել լուծարված, առ ոչինչ է։ Նման բան չկա, դա ընդհանրապես շահարկման առարկա չէ։ Նման փաստաթղթի գոյության մասին ոչ ոք խոսել չի կարող և նման փաստաթղթով առաջնորդվել։ Ոչ ոք չի կարող դա հիմք ընդունել և ասել, որ դրա հիման վրա Արցախի մարմինները լուծարվել են։ Ծիծաղելի է դա շահարկելը»,- նշեց Դավիթ Գալստյանը՝ հավելելով, որ ծիծաղելի է անգամ դա որպես փաստաթուղթ ընդունելը և մտածել դրա՝ սահմանադրական կամ ոչ սահմանադրական լինելու մասին, դա փաստաթուղթ անվանելն անգամ մեր շահերից չի բխում։ Դավիթ Գալստյանը նշեց, որ ոչ ինքը, ոչ իր գործընկերները չեն տեսել այդ թուղթը։

«Քանի որ երբևէ գործադիր իշխանությունում չենք եղել և գործադիր իշխանությունն իր հայտարարություններում մեզ հետ չի կոնսոլիդացվել, օրենսդիրը պատասխանատվություն չի կրում գործադիրի որոշումների համար, բացառությամբ այն դեպքում, եթե իշխանության մաս չեն կազմում։ Եթե մեր քաղաքական ուժը ոչ մի ձևով ներկայացված չէր գործադիրում, մենք չենք կարող գործադիրի որոշումները վերցնել որպես մեր որոշում և առաջնորդվել այդ որոշումներով։ Մենք շարունակում ենք պայքարել հանուն Արցախի Հանրապետության և հայ ազգի»,- նշեց նա։

Իսկ թե ինչու և ինչ պայմաններում, ի վերջո, ստորագրվեց նման փաստաթուղթ՝ հարցի հասցեատերը Գալստյանը չէ, միայն նշում է, որ ժամանակը կգա և այդ փաստաթուղթ ստորագրողն ինքը փակագծեր կբացի։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Արցախի ԱԺ հնարավոր արտագնա աշխատանքներին, արդյո՞ք պատրաստվում են շարունակել աշխատանքները, ապա Դավիթ Գալստյանը նշեց, որ այսօր Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարում է Գագիկ Բաղունցը (Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ադրբեջանցիների կողմից առևանգվել է և գտնվում է գերության մեջ հեղ․), «Արդարություն» խմբակցությունը ԱԺ-ում ներկայացված է երկու պատգամավորով և չեն կարող երկուսով արտահերթ նիստ հրավիրել, բայց պատրաստ են ցանկացած պահի ցանկացած վայրում մասնակցելու քննարկումների, նիստերի։
«Այդ բոլոր հարցերը պետք է ուղղված լինի Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարողին և մեծամասնություն կազմող ուժերին, որոնք կարող են քվորում ապահովել։ Անհրաժեշտ է առնվազն 17 պատգամավոր, որ նիստ կայանա, բայց մենք երկուսով չենք կարող մնացած 15 պատգամավորների անունից խոսել։ Ես և Մետաքսե Հակոբյանը պատրաստ ենք ցանկացած վայրում ցանկացած ժամի նիստերին մասնակցելուց»,- նշեց Դավիթ Գալստյանը։