կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-15 18:21
Աշխարհ

Թուրքիան իր ազդեցությունն ու փողերն օգտագործում է` փոխհատուցումներ չտրամադրելու համար. Թանկյան

Թուրքիան իր ազդեցությունն ու փողերն օգտագործում է` փոխհատուցումներ չտրամադրելու համար. Թանկյան

System of a Down ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը Spin ամսագրին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Wake Up the Souls» շրջագայությանը:

 

Հարցին, թե դժվա՞ր էր մի կողմ դնել խմբում առկա տարաձայնությունները՝ իրականացնելու համար նախագիծը, Թանկյանը պատասխանել է. «Տարաձայնություններն ավելի շատ կապված էին նրա հետ, թե ինչպես հասնենք դրան, այլ ոչ թե` անե՞նք դա, թե՞ ոչ: Մեզ հնարավորություն է տրվել առաջին անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ տալ Հայաստանում և տրված հնարավորությունն օգտագործել մարդկանց դաժան հանցագործության, Թուրքիայի ամոթալի ժխտման մասին իրազեկելու և անցյալի հանցագործությունները պատժելու հարցում արդարության հասնելու համար: Նյուրնբերգյան դատավարությունը, ՄԱԿ-ի Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան և ողջ աշխարհում տեղի ունեցած տասնյակ հանձնաժողովներ բավարար չեն եղել դադարեցնելու ցեղասպանությունները մեր կյանքի ընթացքում: Չկան գործարկվող մեխանիզմներ նման ռեժիմն իր դաշնակիցներից առանձնացնելու համար… Դեռ շատ գործ կա անելու»:



«
Քաղակականության մասին բարձրաձայնող ընտանիքո՞ւմ եք մեծացել» հարցին, Թանկյանը պատասխանել է. «Այնքան էլ չէ:  Իմ ծնողներն այդքան էլ քաղաքականացված չէին: Դեպի ակտիվ գործունեություն իմ անցումը տեղի ունեցավ «ժողովրդավարության» կեղծավորության արդյունքում (ԱՄՆ-ի), որն օգտագործում է Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանությունը` որպես քաղաքական կապիտալ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համար: Դա բացեց իմ աչքերը ողջ աշխարհում տիրող այլ անարդարությունների վրա»:

 

Խոսելով «1915» ֆիլմի մասին՝ Թանկյանն ասել է, որ ինքը հաճույքով է գրել  ֆիլմի երաժշտությունը:

 

«Տխուր ճշմարտությունն այն է, որ Թուրքիայի կառավարությունն իր ազդեցությունն ու փողերն օգտագործում է իր ժխտողական ամոթալի քաղաքականությունն իրականացնելու և պատասխանատվությունից խուսափելու համար, որպեսզի փոխհատուցումներ չտրամադրի զոհերին»,- ասել է նա` նշելով, որ «Թուրքիան արել է այնպես, որ սենատոր եղած ժամանակ Բարաք Օբաման, ով «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար քննադատում էր Ջորջ Բուշին, նույնպես չօգտագործի այդ բառը նախագահ դառնալուց հետո»:

  

«Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքական կապիտալ՝ դաշնակցին այս կերպով հանդարտեցնելու համար:  Դա բարոյապես դատապարտելի է և ծառայում է Թուրքիայում ցեղասպանության և այլ խնդիրների շուրջ արդարության կոչ անող համարձակ ձայները լռեցնելու համար: Ահա, թե ինչի դեմ ենք մենք պայքարում»,- ասել է Թանկյանը: