կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-05 17:56
Իրավական

Գլխով հարվածել է ոստիկանության տեսուչի դեմքին՝ մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ

Գլխով հարվածել է ոստիկանության տեսուչի դեմքին՝ մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային  քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին:

2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին  բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի բնակիչը 2018թ. հունվարի 24-ին` ժամը 12:30-ի սահմաններում, իր երեխայի ծննդյան նպաստն ստանալու նպատակով գնացել է բանկ, որտեղ պարզել է, որ, սահմանված կարգի համաձայն, նպաստն առձեռն չի տրամադրվում և սկսել է բարձրաձայն դժգոհել, ինչի կապակցությամբ բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը նրան դուրս է հրավիրել: Այնուհետև՝ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ հասանելիք նպաստը չտրամադրելու վերաբերյալ իր պատկերացմամբ կատարված հանցագործության մասին: Ոստիկանության տեսուչն իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված մեկնել է քաղաքացու բնակարան՝ ահազանգն ստուգելու նպատակով: Քաղաքացին, ոստիկաններին մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ, վիճաբանել է և գլխով հարվածել ոստիկանության տեսուչի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: