Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի վերջին մերկապարանոց հայտարարություններին, նշեց, որ այդ երկրի դիվանագիտությունն արդեն տասնյակ տարիներ աչքի է ընկնում ստանդարտ քայլերով:
«Թուրքական դիվանագիտությունը տասնյակ տարիներ ստանդարտ քայլեր է անում` ագրեսիվ հայտարարություններով, դիվանագիտական էթիկայից դուրս բնորոշումներով է հանդես գալիս: Այս անգամ էլ ականատես ենք լինում նույն պատկերին: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, չկարողանալով տեղավորվել դիվանագիտական գործունեության մեջ, հանդես եկան ագրեսիվ հայտարարություններով»,- ասաց նա:
Մելքոնյանը շեշտեց այն հանգամանքը, որ թուրքերն այս անգամ իրենց գործողություններում ներգրավել են նաև հոգևոր գործիչների: «Նրանք պապին անվանեցին կեղծարար, բացի այդ` մի նոր միտում էր այն, որ Թուրքիայի ղեկավարները փորձեցին նաև այս հարցում ներգրավել թուրք, մուսուլման հոգևոր գործիչներին: Հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի կրոնական հարցերով հանձնաժողովի նախագահը կամ նախարարի ստատուս ունեցող մարդ, ով հայտարարեց, որ Պապի քայլերն իբրև թե միջկրոնական թշնամանք են պարունակում»,- ընդգծեց թուրքագետը:
Նա նշեց նաև, որ Թուրքիայի վերջին օրերի հայտարարությունների մեջ կարելի է մի ուշագրավ դրվագ առանձնացնել: «Այս ամենում ինձ համար մի հետաքրքիր դրվագ կար: Էրդողանն իր հայտարարությամբ ակնհայտ քննադատում է Պապին և զգուշացնում: Կարծում եմ՝ քաղաքակրթական նորմերից դուրս է Պապին զգուշացում և նման հայտարարություն անելը: Խոսելով պատմաբանների, պատմական արխիվները բացելու մասին` Էրդողանը հստակ հայտարարեց նաև, որ իրենք պատրաստ են անգամ բացել իրենց ռազմական արխիվները: Դրանով նա առաջին հերթին ցույց տվեց, որ իրականում թուրքական ոչ բոլոր արխիվներն են բաց, ֆիքսեց, որ կոնկրետ զինված ուժերի արխիվները փակ են և խոստովանեց, որ իրականում զինված ուժերի արխիվներում կարող են լուրջ փաստեր լինել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Մելքոնյանը:
Թուրքագետի բնորոշմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը նման էր ինքնախոստովանության կամ անզգուշորեն ու անգիտակցաբար արված խոսքի: «Էրդողանի հայտարարության մեջ միակ նոր կետը ռազմական արխիվների հետ կապված ինքնախոստովանական, անգիտակցաբար կամ անզգուշաբար արած հայտարարությունն էր: Թուրքական իշխանությունների այս հայտարարություններն արդեն որևէ ազդեցություն չեն կարողանում ունենալ անգամ իրենց երկրի ներսում, քանի որ ստանդարտ են»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը: