կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 13:52
Հասարակություն

Ցեղասպանության մասին 1939 թ․ հիշատակումները պետական արխիվներում

Ցեղասպանության մասին 1939 թ․ հիշատակումները պետական արխիվներում

Սաիթ Չեթինօղլու  

Ընդհանրապես ընդունված է, որ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու ավանդույթն սկսել է 1915 թվականի 50-րդ տարելիցին, այսինքն՝ 1965 թվականին։ Մենք, սակայն, պետության (թուրքական-Ակունքի խմբ)  զեկույցներից տեղեկանում ենք, որ այդ ավանդույթը շատ ավելի հին է։

Հայերը առաջին իսկ օրվանից երբեք չեն մոռացել 20-րդ դարի առաջին ամենամեծ Ցեղասպանությունը և վերջինիս զոհ գնացած իրենց եղբայրներին։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը կառուցվել էր աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո, 1919 թ․, Ստամբուլում (թեև այդ հուշարձանից հետք անգամ չի մնացել)։ Միևնույն ժամանակ ձգտել են ամեն պատեհ առիթի պատմել հայ ժողովրդի գլխին եկածների մասին, սակայն տվյալ դարաշրջանի ռեալ պոլիտիկը թույլ չի տվել, որ այդ ճիչերը լսելի դառնան։

Ինչպես որ հայերը չէին մոռանում Ցեղասպանության մասին, նույն համառությամբ էլ նրանց զուգահեռաբար հետևող մի ուժ կար՝ պետությու՜նը (թուրքական-Ակունքի խմբ)։ Պետությունը, որ երբեք չմոռացավ Ցեղասպանությունից պատահաբար ողջ մնացածներին և նրանց զավակներին։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ պետությունը ամենուր և ամեն պահ հետևել է հայերին, մինչև իսկ մի նախկին ներքին գործերի նախարարի խոսքով՝ «նույնիսկ անընդհատ ունկնդրել է հայերի սրտի զարկերը»։ Նմանապես չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ (Թուրքիայի-Ակունքի խմբ) ներքին գործերի նախարարության արխիվը լեցուն է դրա մասին դեսպանների և հյուպատոսների ներկայացրած փաստաթղթերով։

Ընդհանրապես ընդունված է, որ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու ավանդույթն սկսել է 1915 թվականի 50-րդ տարելիցին, այսինքն՝ 1965 թվականին։ Մենք, սակայն, պետության զեկույցներից տեղեկանում ենք, որ այդ ավանդույթը շատ ավելի հին է։

Հայերն ինչպես որ ի սկզբանե սկսել են Ցեղասպանությանը զոհ գնացած իրենց եղբայրների հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, նմանապես դեռ հնուց զոհերի հիշատակի օր են որոշել և ավանդույթ դարձրել զոհերին ոգեկոչելը։ 1939 թ․ ապրիլի 14-ին Բեյրութի դեսպանության՝ «անձամբ» գրությամբ զեկույցից տեղեկանում ենք, որ հայերը ցանկացել են Ստամբուլում եղած հուշարձանի նման մի հուշարձան կառուցել այնտեղ․

«Արդեն իսկ ավանդույթի էր վերածվել Համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած հայերի համար ամեն տարի ապրիլի 24-ին Լիբանանում հայերի կողմից կրոնական արարողություն կատարելը և այդ թեմայով ելույթներ ու ցույցեր կազմակերպելով՝ Թուրքիայի դեմ ուղղված խոսքեր արտահայտելը։ Իմ ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ այս տարի այդ ամենին ավելացել են Անթիլիաս անվամբ մի լիբանանյան գյուղում, Սիրիայում, Դեր Զորում և Ջեզիրեում մահացած հայերին պատկանող ոսկորները թաղելու արարողությունը և այդ գերեզմանների վրա մի հուշարձանի կառուցումը, ինչպես նաև՝ զանազան շրջաններից եկող հայերի մասնակցությամբ մեծ միջոցառումների անցկացումը, որոնց ընթացքում կհնչեն Թուրքիայի դեմ ուղղված թշնամական ելույթներ, այդ ուղղությամբ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները ղեկավարվում են Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի օգնական Սարաչյանի (նկատի ունի 1939 թ վախճանված Անթիլիասի Սահակ Բ կաթողիկոսին փոխարինած ընդհանուր փոխանորդ Պետրոս Սարաճյանին-Ակունքի խմբ)  հսկողության տակ գտնվող մի հայկական կոմիտեի կողմից»։

Հարկ չկա նշելու, որ (Թուրքիայի-Ակունքի խմբարտակարգ և լիազոր դեսպանն անմիջապես անվտանգությանն էր դիմում՝ այդ հիշատակի արարողություններին և հուշարձանի կառուցմանը արգելք լինելու համար։ Որպես ռեֆլեքս՝ նա շունչն առնում էր Գերագույն կոմիսարությունում՝ դրության մասին այն ժամանակվա մանդատային իշխանությանը հաղորդելով։

Դամասկոսի հյուպատոսությունը ևս 1939 թ․ մայիսի 4-ին հղված իր գրության մեջ հաղորդում է, որ հիշատակի արարողությունն իրականացվել է Լիբանանի ներքին գործերի նախարարի նախագահության ներքո, և որ մայիսի 6-ին զոհերի հիշատակը հարգելու համար նախկին տարիների համեմատ ավելի ակտիվ պատրաստություն էին տեսնում։ Սույն զեկույցից նաև հասկացվում է, որ հյուպատոս Հուման Մենեմենջիօղլուն ակնդետ հետևում էր իրավիճակին։

«Մի քանի օր առաջ Համաշխարհային պատերազմի ժամանակ Անատոլիայում կատարված հայկական փոխադարձ կոտորածի տարելիցի արարողությունն իրականացրեցին Բեյրութում, ինչպես նախկինում էլ հայտնել էի, Լիբանանի ներքին գործերի նախարարի ղեկավարության ներքո։ Հիմա էլ թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում նախկին տարիների համեմատ ավելի ակտիվ կերպով են նախապատրաստվում «Մայիսի 6-ի զոհերի» տարելիցի արարողության համար։

Վարչապետ (Սիրիայի-Ակունքի խմբ) Նասուհ բեյ Ալ-Բուհարին երեկ երեկոյան կողմ եկավ հյուպատոսարան և մի ժամ մնաց այստեղ։ Արտգործնախարար Հալիդ բեյ Ալ-Ազիմն էլ քանի որ ուղեկցում էր նրան, մեր խոսակցությունը ընդհանուր թեմաների շուրջ եղավ, և երկուստեք խուսափեցինք քաղաքական շփումից։

Խորին հարգանքներով»։

Բեյրութի գլխավոր հյուպատոսության կողմից հղված առաջին գրությանը հավելյալ ուղարկված զեկույցում, որը թվագրվում է 1939 թ․ մայիսի 10-ի ամսաթվով, հաղորդվում է, որ թեև հիշատակի արարողությունն իրականացվել է, սակայն հուշարձանի կառուցումը՝ ոչ։

«Իրականացված հետաքննության համաձայն՝ ապրիլի 24-ին Սիրիայի և Լիբանանի զանազան շրջաններից եկած հայերի մասնակցությամբ Անթիլիասում տեղադրվելիք հուշակոթողի կառուցումը չեղարկվել է, և դրա կապակցությամբ նախատեսվող ելույթներն ու ցույցերը ևս տեղի չեն ունեցել։

Հայկական Դաշնակցության կոմիտեն հայերին ուղղված հաղորդագրության մեջ հայտնել է, որ հուշարձանի տեղադրումը և դրա կապակցությամբ ցույցերը տեղափոխվել են մեկ այլ ժամանակվա։

Ապրիլի 24-ին բավարարվել են Լիբանանի զանազան հայկական եկեղեցիներում Համաշխարհային պատերազմի զոհերի համար կրոնական արարողություններ անցկացնելով։ Թեև 1-2 տեղական հայկական թերթերում հաղորդվել էր, թե այդ արարողություններից մեկին մասնակցելու և մինչև իսկ ելույթով հանդես է գալու Լիբանանի ներքին գործերի նախարար Հաբիփ Աբի Շահլան, սակայն մեր կողմից կատարված հետաքննությունը ցույց է տվել, որ Լիբանանի կառավարությունից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ ներկա չի գտնվել վերոհիշյալ կրոնական արարողությանը։

Այդ գործում գերագույն կոմիսարության կողմից մեր ազդեցության արդյունքում ձեռնարկված կանխարգելիչ միջոցների շնորհիվ դաշնակցականները վիրավորված են ֆրանսիացիներից, և կրոնական արարողությունից հետո վերոնշյալ կոմիսարության ղեկավարներից կոմս դը Լյոսը կաթողիկոսի օգնական (ընդհանուր փոխանորդ-Ակունքի խմբ) Սարաչյանին անձամբ այցելելով՝ աշխատել է ձեռնարկված միջոցները քաղաքականապես հիմնավորել և իր բարեկամության մասին հավաստիացումներ տալով՝ ձգտել է սիրաշահել նրան։

Խորին հարգանքներով»։

Բեյրութի գլխավոր հյուպատոսությունը, ի տարբերություն Դամասկոսի հյուպատոսության, հայտնում է, որ արարողությանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցել, և որ դա եղել է իր ազդեցության շնորհիվ։ Նա ևս հավելում է, որ դարձյալ մի պաշտոնյա այցելել է Սարաչյանին՝ վերջինիս սիրտը շահելու նպատակով։

Ինչպես տեսնում ենք, հայերը 100 տարուց ավել տևած մի հոգնեցուցիչ գործընթաց շալակած՝ հասել են մեր օրեր։ Դեռ շարունակվում են հայ ժողովրդի դիմադրությունը և (թուրքական-Ակունքի խմբպետության անիմաստ համառությունը։

https://www.agos.com.tr/tr/yazi/26877/devlet-arsivlerinde-1939-soykirim-anmalari

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net