կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-04 12:13
Հասարակություն

Հանգուցյալների ընտանիքներում էլ Զատկի ձուն պետք է կարմրեցնել. Լուսիկ Ագուլեցի

Հանգուցյալների ընտանիքներում էլ Զատկի ձուն պետք է կարմրեցնել. Լուսիկ Ագուլեցի

Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին այսօր լրագրողներին ներկայացրեց Սուրբ Զատկի ավանդույթների յուրահատկությունները:

 

Լուսիկ Ագուլեցին նշեց, որ պետք է անպայման հասկանալ, թե ինչ խորհուրդ ունի ձու ներկելը: Նրա բնորոշմամբ՝ ձու ներկելու ավանդույթը չպետք է լինի ձևական, քանի որ այն խորը քրիստոնեական և ժողովրդական արմատներ ունի: «Զատկի ձվերը պետք է ներկել կարմիր, որը քրիստոնեական տեսանկյունից է ճիշտ և խորհրդանշում է Քրիստոսի արյան գույնը, կամ էլ ծաղկավոր, որը գարունն ու բնությունն է խորհրդանշում: Մահացած մարդկանց ընտանիքներում էլ պետք է Զատկի ձվերը կարմիր գույնով ներկվեն, քանի որ Զատիկը ոչ թե տվյալ մահացածի տոնն է, այլ ժողովրդինն ու Քրիստոսինը»,- ասաց Ագուլեցին:

 

Նա ներկայացրեց Զատկի մի շարք ուտեստների պատրաստման առանձնահատկությունները, որոնք պարունակում են յուրօրինակ խորհուրդներ:

 

«Օրինակ` մենք այսօր չամչարակ ենք պատրաստելու ՝ չրերի յոթ տեսակներով: Ցանկալի է յոթ, հինգ և երեք թվերը պահպանել: Յոթը Աստծո թիվն է, երեքը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը, իսկ հինգը՝ մարդու թիվն է»,- ասաց Ագուլեցին` հավելելով. «Ցանկալի է պատրաստել նաև խնջլուս, ինչպես նաև փլավը կարելի է պատրաստել ոչ միայն չամիչով, այլև տարբեր տեսակի չրերով»:

 

Մյուս բանախոսի` ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի բնորոշմամբ էլ՝ Զատիկը մեր ամենալուսավոր ու գեղեցիկ տոներից է: «Զատիկ բառի հիմքում հենց ազատությունն է, այսինքն՝ մենք պետք է զատվենք չարից, ազատագրվենք տագնապներից և ինքնամաքրվենք»,- ասաց նա: Աճեմյանը շեշտեց այն հանգամանքը, որ Մեծ Պահքի խորհուրդը երբեք չպետք է նույնացնել դիետայի հետ, Սուրբ Զատկի խորհուրդն էլ երբևէ պետք չէ նույնացնել մեր անցավորներին հիշելու հետ: «Մեր անցավորներին միշտ պետք է հիշել, բայց` Զատկին հաջորդող օրերին»,- ասաց պատգամավորը: