կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-26 15:05
Քաղաքական

Վանում բնակվող հայ կինն այցելել է ավիրված հայկական գերեզմանոց և վերաթաղել հանգուցյալների դուրս շպրտված ոսկորները

Վանում բնակվող հայ կինն այցելել է ավիրված հայկական գերեզմանոց և վերաթաղել հանգուցյալների դուրս շպրտված ոսկորները

Ինչպես երեկ հաղորդել էր Akunq.net-ը, թուրքերն ավիրել էին Վանի Տուշպա գավառին ենթակա և Լեզք անվամբ հայտնի Քալեջիք թաղամասի հայկական գերեզմանոցը, որի հետևանքով դուրս էին հանվել հանգուցյալների ոսկորները։ 1915 թ․ Ցեղասպանությունից հետո Վանի Գևաշ (պատմական Ոստան) գավառից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, սակայն վերջերս վերստին Վանում բնակություն հաստատած Գայանե Գևորգյանն այցելել է հիշյալ գերեզմանատուն և արտասվելով վերաթաղել հանգուցյալների ոսկորները։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ արցունքները զսպել չկարողացած Գայանե Գևորգյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ցեղասպանության ժամանակաշրջանում գաղթել հարկադրված հայերի գերեզմանները ևս ցանկանում են վերացնել և հավելել․ «․․․Բազմաթիվ հայեր դեռ իրենց պապերի գերեզմաններն են որոնում։ (…) Գոնե հանգուցյալների հանդեպ հարգալից լինեն»։

Տիկին Գևորգյանը «Մեզոպոտամիա» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են հայկական գերեզմանոցի տարածքում բնակելի տներ կառուցել, որն անթույլատրելի է և ասել․

«Ներսս տակն ու վրա է լինում։ Նույն բանը կատարվում է Ադրբեջանում հայկական գերեզմանների նկատմամբ։ Վանի բնակիչներից խնդրում եմ, որ այլևս չփորեն գերեզմաններն ու եկեղեցիները։ Թող դրանք կանգուն մնան, որ հայերը վրաները մի մոմ վառեն, աղոթք անեն, այցելեն այդ վայրերը։ Այս ամենը շատ ցավալի է։ Երբեք չեմ մոռանա։ Տեսա, թե ինչպես են առաջին անգամ մեքենաներով քանդում գերեզմանոցը, և այդ տեսարանն ինձ մեծ ցավ պատճառեց։ Ուզում եմ հարցս ուղղել այս որոշումը կայացրած անձանց․ եթե ձեր գերեզմանը լիներ, ինչպե՞ս կարձագանքեիք»։

https://gazetekarinca.com/2021/08/ermeni-mezarligi-talan-edildi-gozyaslari-icinde-etrafa-sacilan-kemikleri-topraga-gomdu/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net