Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց հաշվետվություն: Նա նախ նշեց, որ ՀՀԿ համագումարը երկրի կարևորագույն իրադարձություններից է, և, զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառանալուց բացի, այն նաև դիրքորոշումներ կարձանագրի վերկուսակցական մի շարք հարցերի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանի խոսքով` նախորդ ՀՀԿ համագումարից ի վեր, Հանրապետական կուսակցությունը սկսել է ամրանալ ու բյուրեղանալ:
«Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր նույն հետևողական աշխատանքն է` ամենօրյա աշխատանք: Հանրապետական կուսակցությունը զարգանում է անընդհատ, կառույցների միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ամուր են դառնում, և դա տեսանելի է: Փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես` երիտասարդության մեջ»,- ասաց ՀՀ նախագահը:
Նա շեշտեց, որ թեև Հանրապետական կուսակցությունը ժամանակ առ ժամանակ մաքրում է իր շարքերը, չհապաղելով որոշ կուսակցականների հեռացնել իրենց շարքերից, սակայն դեպի Հանրապետական կուսակցություն մշտական և լուրջ հոսք կա, և կուսակցությունն անընդհատ աճում է կայուն տեմպերով:
«Այո, Հանրապետական կուսակցությունն իշխող այն ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում` ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող դժգոհությունները»,- ասաց նախագահը` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում` դառնալով տեղական համայնքային կյանքի ուղղորդիչը և առկա խնդիրներին գործով արձագանքողը ու իրական արձագանքողը:
ՀՀ նախագահը նշեց, որ իր ասածի վառ ապացույցն այն փաստն է, որ նախորդ համագումարից հետո երկրում տեղի ունեցած բոլոր ընտրություններում, հատկապես` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ: