կարևոր
6475 դիտում, 2 տարի առաջ - 2023-10-26 08:58
Քաղաքական

Անկլավների հարցը շատ բարդ է, բազմաշերտ՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից․ Մհեր Հակոբյան

Անկլավների հարցը շատ բարդ է, բազմաշերտ՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից․ Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է․

«- Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Բաքվում, Նախիջևանում ու Արցախում՝ զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ կուտակելով այդ հատվածներում: Մյուս կողմից՝ այս պետությունները հայտարարում են իրենց ռազմական բյուջեներն էապես ավելացնելու մասին: Արդյո՞ք այս ամենը նոր պատերազմի նախապատրաստություն է․ վտանգ տեսնո՞ւմ եք:

- Ես մեր սահմանների համար ՄԻՇՏ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՎՏԱՆԳ, վերջին պատերազմից հետո այդ վտանգը չի մարել: Երբեմն ավելանում է, երբեմն՝ պակասում, սակայն միանշանակ է, որ Ալիև-Էրդողան զույգը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրենց նկրտումներից ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ:

Միանշանակ է նաև, որ տարածաշրջանը նման է եռացող կաթսայի, և առիթի դեպքում պետությունները պատրաստվում են նաև այլ զարգացումների: Մասնավորապես չգիտենք, թե Իսրայելում և Գազայի հատվածում զարգացող իրադարձությունները վերջնարդյունքում ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ: Եթե էսկալացիան ուժեղանա, բացառված չէ Իրանի միջամտությունն այնտեղ, իսկ այդ պարագայում բացառված չէ, որ Ադրբեջանը ՊԼԱՑԴԱՐՄ ԴԱՌՆԱ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ես նաև այս լույսի տակ եմ դիտարկում թուրք-ադրբեջանական այդ զորավարժությունները:

Շատ մեղմ, գրեթե աննկատ, բայց որոշակի լարվածություն կա նաև Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում: Նրանք մեզնից մեր ունեցածը խլեցին, հիմա երկուսով պետք է որոշեն՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱ ԲԱԺԱՆԵԼՈՒ: Ակնհայտ է, որ Բաքուն, օգտվելով Ռուսաստանի՝ Ուկրաինայում զբաղված լինելուց, Արցախում լուծեց իր խնդիրները, բայց դրանով հարվածի տակ դրեց Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում:

Մյուս կողմից՝ պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք», այսինքն՝ դրանով Ալիևը ցույց է տալիս, որ ԿՏՐՎՈՒՄ Է ռուսական և սովետական անցյալից ու նետվում Թուրքիայի «գիրկը»: Պարզ է, որ դա դուր չի գալիս Ռուսաստանին: Ռուսաստանը խոցված է Արցախում կատարվածից, Բաքուն նրան խայտառակ արեց և հարվածեց նրա դիրքերին Հարավային Կովկասում: Այս ամենը դեռևս իր զարգացումները պետք է ունենա:

- Եթե խոսենք Հայաստանի տեսանկյունից, իշխանությունները հայտարարում են խաղաղության օրակարգի մասին, որը, սակայն, թերահավատորեն է ընդունվում՝ հաշվի առնելով հակառակորդի վարած քաղաքականությունը: Եթե չկա խաղաղություն, այլընտրանքը պատերազմն է: Մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմի:

- Որոշակի քայլեր արվում են, մասնավորապես Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է զարգանում, բայց միաժամանակ նաև ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ, այնքան մեծ է հասարակության հոգեբանական ապատիայի վիճակը, և այնքան մեծ է իշխանության ձգտումը՝ դա չուղղել՝ սեփական իշխանությունը պահպանելու համար, որ նույնիսկ դրական իրողությունները կորչում են այդ բացասական ֆոնին: ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹԵՐԻ Է, ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆԻ ՎԵՐԱԾՎԵԼ:

Մենք երկրում կառավարման շատ լուրջ խնդիր ունենք ամենալայն իմաստով, այսինքն՝ և՛ համակարգերն առանձին վերցրած են վատ գործում, և՛ համակարգերն իրար հետ են վատ համագործակցում: Նման դեպքերում սովորաբար լավ կադրերն են իրավիճակը փրկում, բայց հիմա դա էլ չունենք:

Դժվար է ասել՝ հաստատ պատերազմ կլինի, թե չէ, համենայն դեպս ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՅՈՒՆ ՎՏԱՆԳԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է, իսկ լինել-չլինելը մեծապես պայմանավորված է ոչ մեզանից կախված գործոններով: Նախկին զարգացումներին հիմա էլ գումարվել է Իսրայելի և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը: Մեր զարգացումները գալու են այնտեղից, ուղղակի վատն այն է, որ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԶԻՋԵԼ ԵՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ, այսինքն՝ թշնամին է որոշում՝պատերազմ սկսի, թե չէ, և չի էլ մտածում՝պատերազմը կմարսի՞ արդյոք:

- Արցախում իր նպատակներին հասնելուց հետո թշնամին սկսեց թմբկահարել «Զանգեզուրի միջանցքի» թեման, հիմա էլ դրան գումարվել է անկլավների խնդիրը: Ըստ Ձեզ՝ Հայաստանն ունի՞ հնարավորություն խուսափելու այդ հարցերում կորուստներից:

- Անկլավների հարցը շատ բարդ է, բազմաշերտ՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից: Ինչու եմ շեշտում իրավականը, քանի որ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐՎԻ ԴՐԱՆՑ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ: Այն, որ սովորական քարտեզներով տեսել ենք, դեռ ոչինչ չի նշանակում: Կարծում եմ՝ այդ խնդիրը կդիտարկվի սահմանազատման և սահմանագծման ժամանակ, իսկ քանի որ դա ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ, այդ հարցն էլ առկախ կմնա, մինչև կողմերից մեկն ունենա էական փոփոխություն, որը մյուս կողմին կստիպի խնդիրը լուծել իր օգտին»: