կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 15:02
Քաղաքական

Իրավական տեսանկյունից` Ծառուկյանի բացակայություններն անհարգելի են. Գալուստ Սահակյան

Իրավական տեսանկյունից` Ծառուկյանի բացակայություններն անհարգելի են. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի վերաբերյալ: Նա ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի պատասխանել իր նամակին, որով նրանից պահանջել էր բացակայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

 

Հարցին, թե Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է արձագանքել, երբ տեղեկացել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակաների մեծ մասը հարգելի է համարել, Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ երկրի նախագահը պետք է արձագանքի: Նախ` ես հարգելի չեմ համարել, ասում եմ` իրավական տեսանկյունից` անհարգելի են բացակայությունները, և ես առաջարկություն եմ արել լրացուցիչ մեկնաբանել բացակայությունները»:

 

Նա նաև նշեց. «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն պիտի նոր ռազմավարությամբ հանդես գա: Թե այդ ռազմավարությունը ո՞վ կղեկավարի, դա իմ կողմից բացահայտված չէ»:

 

Հարցին, թե ի՞նչ կասի Գագիկ Ծառուկյանի` քրեական հանցագործություններ պարտակելու և հարկային պարտավորություններ չկատարելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ միտքն արտահայտել է Սերժ Սարգսյանը, և այն, ինչ ասվում է լրագրողների և հասարակության կողմից, իր քննարկելու ոլորտը չէ:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, այդ դեպքում ե՞րբ են ստուգվելու «Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից օդում կախված հարկային պարտավորությունները», ԱԺ նախագահն ասաց. «Եթե օդում կախվածությունը ձեր կողմից է, դրանք երբեք չեն ստուգվի, քանի որ դրա մեջ ռեալ բան չկա: Սերժ Սարգսյանին պետք է տեսնել որպես նորանկախ Հայաստանի մեծ դերակատարություն ունեցող անձանցից մեկը»:

 

Լրագրողների պնդմանը` իսկ Ալեքսանդր Սարգսյանին ինչպե՞ս պետք է դիտարկել, Սահակյանը պատասխանեց, որ եթե թրատում են որևէ լուրջ դերակատարում ունեցեղ անձի, ապա սկսում են թրատել նաև ընտանիքի անդամներին: