Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հավակնոտ նպատակներ հետապնդող հայ-չինական համագործակցության հռչակագիրը, որը ստորագրվեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում, կմնա թղթի վրա, եթե նախագահի այցով սկսված՝ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու այս գործընթացը տրամաբանական շարունակություն չունենա:
Հռչակագրով երկու հիմնական ուղղություն է զարգացվում: Առաջինը` ռազմական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումն է, հատկապես` օգնության, օժանդակության ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Չինաստանը համաձայնել է արտոնյալ պայմաններով զենք, զինամթերք վաճառել Հայաստանին: Տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության զգալի խախտման ներկայիս պայմաններում իր և ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովելու իմաստով դա կենսական նշանակություն է ձեռք բերում Հայաստանի համար:
Երկրորդը վերաբերում է Չինաստանի նախաձեռնած` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանը Հայաստանի ներգրավման հարցում Պեկինի ակնհայտ շահագրգռությանը: Չինաստանն այդ նախագծում Հայաստանը տեսնում է լիարժեք մասնակցի, համանախաձեռնողի կարգավիճակով: Դա ոչ միայն նախադրյալներ է ստեղծում, այլև պարտադրում է Երևանին մտնել այդ խաղի մեջ և, որպես մեկնարկ, այդ խաղն սկսել` իրանական ուղղությունը զարգացնելով, առանց որի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն Հայաստանի մասնակցությունն ուղղակի հնարավոր չէ:
Մի քանի օր առաջ Իրանի և «վեցյակի» միջև տեղի ունեցած բանակցությունների հերթական ռաունդից հետո ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, թե Իրանի միջուկային ծրագրի ճգնաժամը հաղթահարելու հարցում համաձայնությունների հասնելու շանսերը 50 տոկոսից ավելի են: Լավատեսական ազդակներ են գալիս նաև Վաշինգտոնից: Նախօրեին Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց, որ Եմենում ստեղծված իրավիճակը չի կարող որևէ կերպ ազդել միջուկային ծրագրերի հետ կապված` Թեհրանի հետ վարվող բանակցությունների վրա: Սա հույսեր է ներշնչում, որ տեսանելի ապագայում Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական էմբարգոն զգալիորեն կվերացվի:
Մյուս կողմից` Չինաստան կատարած այցի նկատմամբ Մոսկվայի դրսևորած նկատելի լոյալությունը ցույց տվեց, որ արևելյան ուղղությամբ արտաքին քաղաքական վեկտորները զարգացնելու` Հայաստանի վախվորած քայլերին ՌԴ-ն չի մոտենում այնպիսի քինախնդրությամբ, ինչպիսին ցուցաբերեց Հայաստանի եվրաինտեգրման նախաձեռնությունների նկատմամբ: Այս երկու իրողությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում Երևանի համար չինական հաջողված այցին քաղաքական կշիռ հաղորդելու համար հնարավորինս շուտ անցնելու Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերաթարմացնելուն:
Դեռևս նախորդ տարի Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ իր երկրի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է այցելել Հայաստան: Այն ժամանակ ակնհայտորեն հայաստանյան իշխանությունների տրամադրություններն ստուգող` դեսպանի այս հայտարարությունը պաշտոնական Երևանն ընդունեց նկատելի անտարբերությամբ: Հիմա ոչինչ չի խանգարում Երևանին` դիվանագիտական խողովակներով հասնել Ռուհանիի՝ հայաստանյան այցի իրականացմանը կամ նախագահի մակարդակով Իրան պաշտոնական կամ պետական այցի կազմակերպմանը: Դա ոչ միայն կլիներ չինական այցի տրամաբանական շարունակությունը, տարածաշրջանում նոր մակարդակի վրա կդներ Հայաստանի կարգավիճակը, այլև հնարավորություն կտար Իրանի հետ համաձայնություններ ձեռք բերել հայկական կողմի անհամարձակության պատճառով հետաձգվող կամ անտեսվող համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերի իրականացման շուրջ, մանավանդ, եթե նկատի ունենանք, թե Պեկինն ինչպիսի առանցքային դեր է հատկացնում Իրանին Մետաքսի ճանապարհի նախագծում:
Այս իմաստով առաջին խնդիրը, որը բխում է չինական այս նախաձեռնության տրամաբանությունից և դրա պատճառով իրականացման հնարավորությունը դարձնում առավել իրատեսական, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումն է, որի մասին Պեկինում խոսեց նաև Սերժ Սարգսյանը: Ըստ կատարված վերջին հաշվարկների` այս նախագծի իրականացումը, որով հնարավոր կլինի տարեկան 17 մլն տոննա բեռնափոխադրում իրականացնել, գնահատվում է 3.2 մլրդ դոլար: Եթե Իրանը և Չինաստանը, որոնք հավասարաչափ շահագրգռված են Թուրքիայի և Ադրբեջանի արանքում սեպի պես խրված Հայաստանի՝ տարածաշրջանային քաղաքական ուժեղ գործոնի վերածման հարցում, իսկապես հավատան այս գլոբալ նախագծերում ինքնուրույն խաղացողի կարգավիճակով ներգրավվելու` Հայաստանի ձգտումներին, չի բացառվում, որ նաև համաձայնեն ներդրումներ կատարել այդ երկաթգծի հայկական հատվածի կառուցման գործում: Այդ երկաթգիծը հնարավորություն է տալիս ոչ միայն ուղիղ դուրս գալ Պարսից ծոցի նավահանգիստներ, Թուրքմենստանի և Աֆղանստանի տարածքով տրանսպորտային միջանցք ապահովել ընդհուպ մինչև Չինաստան, այլև նոր կառուցված Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգծի միջոցով այլընտրանքային կապ ստեղծել Ռուսաստանի հետ: Սա ուղղակի կնշանակի անիմաստ դարձնել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող բլոկադան, ինչպես նաև ստեղծել Հայաստանի սպառազինության ապահովման համար առավել անվտանգ միջանցք: Այս իմաստով իրանական երկաթգծի շինարարությունը ոչ միայն զուտ առևտրատնտեսական, այլև քաղաքական հսկայական նշանակություն ունի:
Երկրորդ խնդիրը, որը կարող է փորձել լուծել Հայաստանը, իրանական գազը դեպի եվրոպական շուկաներ հանող տարանցիկ երկիր դառնալն է: Այս իմաստով խիստ հետաքրքրական էր ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի կողմից տրված եզրակացության մեջ նման հնարավորությունն ընդգծելու փաստը, որով, կարելի է ասել, Երևանը, կարծես միտումնավոր օրակարգ է բերում այդ հարցը: «...Իրանական գազի Եվրոպա արտահանման առավել հավանական ուղին ոչ թե Սիրիան կամ Թուրքիան կլինեն, այլ Թեհրանի և Եվրոպայի համար քաղաքական առումով ավելի նպատակահարմար և աշխարհագրական առումով ամենակարճ կովկասյան ուղղությունը», -նշվում է եզրակացության մեջ: Ըստ դրա վրա աշխատած փորձագետների եզրակացության՝ Իրանից Հայաստանի, Վրաստանի տարածքով և Սև ծովի հատակով մինչև Ուկրաինա, Ռումինիա կամ Բուլղարիա անցկացվելիք գազատարի թողունակությունը կարող է կազմել տարեկան մինչև 70 մլրդ խմ մետր, ինչն ահռելի ֆինանսական մուտքեր կապահովեր Հայաստանի բյուջե, թույլ կտար համեմատաբար էժան գազ գնել և, ընդգրկվելով խոշորամասշտաբ էներգետիկ պրոյեկտներում, փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:
Այս նախագծի իրականացումը, սակայն, իրանական երկաթգծի համեմատ, ավելի բարդ է՝ հաշվի առնելով մի կողմից Ռուսաստանի կանխատեսելի հակազդեցությունը՝ ի դեմս Իրանի` Եվրոպային գազ մատակարարելու հարցում իր համար ուժեղ մրցակից տեսնելու պատճառով, մյուս կողմից՝ Վրաստանի հետ ՌԴ-ի ունեցած լարված հարաբերությունները: Բայց այս հարցը գուցե հնարավոր լինի լուծել` նախագծում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով «Գազպրոմ»-ին ներգրավվելով:
Բայց, անկախ դրանց, հատկապես իրանական ուղղվածությամբ ակտիվ արտաքին քաղաքականություն սկսելն ուղղակի այլընտրանք չունի, եթե Հայաստանը ցանկանում է դառնալ միջազգային խաղացող, ամրապնդել իր անվտանգության համակարգը և ճեղքել տնտեսական ու քաղաքական շրջափակումը:
Գևորգ Դարբինյան