կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-28 13:18
Հասարակություն

Մարտի 19-ին վիրավորված Գոռը Թալինից է, պատմության ֆակուլտետի ուսանող

Մարտի 19-ին վիրավորված Գոռը Թալինից է, պատմության ֆակուլտետի ուսանող

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով ոտքի շրջանում վիրավորում ստացած Գոռ Հրաչի Դալմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վիրավոր զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նշենք, որ Գոռ Դարմանյանի ոտքն անդամահատվել է:

 

Վիրավորված զինծառայողի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Գոռի մոտ են նրա հայրը, հորեղբայրը և հորեղբոր որդին:

 

«Անընդհատ զանգում, տեղեկանում ենք Գոռի վիճակից: Վիճակը կրիտիկակական է, նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա, սակայն, բժիշկներն անում են ամեն ինչ, որ փրկեն կյանքը»,- ասաց քաղաքապետը:

 

Նա նշեց նաև, որ Գոռը ինն ամսից արդեն պետք է զորացրվեր բանակից: «Նորմալ ընտանիք է, իրենց քրտինքով ապրող մարդիկ են: Հայրը բանվոր մարդ է: Նաև անասնապահությամբ են զբաղվում: Գոռը միայն մեկ քույր ունի: Նա դեռ դպրոցը չի ավարտել: Մեծը Գոռն է: Համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է»,- ասաց Արամյանը:

 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին փախուստի դիմել, այնուհետեւ, հետապնդելով հակառակորդին, ամբողջությամբ ոչնչացրել խումբը նրանց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել էին: