Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախօրեին, Ռուսաստանի կողմից ԼՂ հակամարտության կողմերին զենք վաճառելու մասին հնչած հարցին ի պատասխան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսովոր կտրուկ պատասխան է տվել: «...Այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա... Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանում մտահոգություններն առավել սրությամբ արտահայտվեցին` սկսած 2013-ից, երբ հայտնի դարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ դոլարի ժամանակակից հարձակողական զինտեխնիկա վաճառելու գործարքի մասին, և երբ Բաքուն բացահայտեց, որ իրականում Ռուսաստանից գնվող սպառազինության ընդհանուր գինը կազմել է ավելի քան 4 մլրդ դոլար: Այն ժամանակ պաշտոնական Երևանն անհանգստության որևէ նշան չդրսևորեց: Պաշտպանության նախարարը նույնիսկ հիշեցրեց, որ, որպես սուվերեն երկիր, Ռուսաստանն իրավունք ունի զինամթերք վաճառելու ում ցանկանա:
Ահա այս ֆոնին նախագահ Սարգսյանի արած հայտարարությունը ձեռք է բերում առանձնակի նշանակություն: Ի՞նչն է դրդել այս պահին անելու նման կոշտ հայտարարություններ, ի՞նչն է ստիպել Երևանին հիշելու այն, ինչ, չնայած զգուշացումներին, անտեսում էր տարիներ շարունակ: Ուշագրավ է, որ նախագահն այս մտահոգությունը հնչեցրեց Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի խորապատկերին և ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու պատճառաբանությամբ Բրյուսել մեկնելուց անմիջապես առաջ: Առաջին հայացքից թվում է, թե, Ռուսաստանին անուղղակիորեն նախատելով Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու մեջ, Սերժ Սարգսյանը ցանկանում է Բրյուսելին կրկին հավատ ներշնչել եվրոպական ուղղությունը զարգացնելու հարցում Հայաստանի իշխանության տրամադրվածության անկեղծության նկատմամբ՝ խաղալով եվրոպացիների համար ամենանուրբ՝ հակառուսականության լարի վրա:
Ինչպես «Եվրանեսթի» ԽՎ-ի մասնակցող Եվրախորհրդարանի մի քանի պատվիրակներ և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հաստատեցին անցնող օրերին, ներկայումս Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցություններ են ընթանում ԵՄ ասոցացման համաձանագրի քաղաքական մասի վերափոխված տարբերակն ընդունելու շուրջ, ինչը նշանակում է վերակենդանացնել եվրոպական ասոցացման օրակարգը: Չի բացառվում, իհարկե, որ այս գործոնը որոշակի դեր կատարել է:
Բայց իրական պատճառը դա չէ: Հարցը պաշտոնական Երևանը սրել էր դեռևս «Եվրանեսթ»-ի ԽՎ-ի երևանյան նիստից առաջ: Նախորդ շաբաթ սլովենական «Dnevnik» օրաթերթի հետ հարցազրույցում նույն դժգոհությունն արտահայտել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հայտարարելով, թե Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր: Այս ռեպլիկը հնչեց ավելի շատ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աննախադեպ ցինիկ քայլից հետո, երբ ԵՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունները քննարկելու նպատակով Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին Աստանա հրավիրելով, չգիտես ինչու, հրավեր չուղարկեց նաև Հայաստանի նախագահին:
Դրանից հետո մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո միայն, ուշադրություն դարձնենք, Հայաստանը պաշտոնապես բարձրաձայնեց ԱլԳ ծրագրի շրջանակում ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր մշակելու շուրջ բանակցությունների մասին և ուղղակի դիտորդի կարգավիճակով սկսեց հետևել, թե ինչպես են 4 օր շարունակ «Եվրանեսթ»-ի պատվիրակները Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանին քարկոծում ու քննադատում և Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա իրականացնելու մեղադրանքներով համեմված բանաձև ընդունում:
Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանին հեռախոսազրույցի ժամանակ չէին բավարարել իրեն Աստանա չհրավիրելու կապակցությամբ` ՌԴ նախագահի տված հնարավոր մեկնաբանությունները: Եվ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում դրանից հետո եվրոպական ուղղությամբ և այն հայտարարությունները, որոնք արվում են Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու կապակցությամբ ուղղակի արտահայտում են նախ` անձամբ Սերժ Սարգսյանի, ապա նաև, ընդհանուր առմամբ, Երևանի վիրավորանքն ու զայրույթը:
Երևանում թերևս միայն դրանից հետո հասկացան, որ իրենց ԵՏՄ-ում վերջին դռնապանի դեր է հատկացվել, ում կարծիքը բացարձակապես իրենց չի հետաքրքրում, որ ԵՏՄ-ն ոչ թե ինչ-որ տնտեսական ու քաղաքական դիվիդենդներ է տվել Հայաստանին, այլ միայն չոքեցրել նոր պարտավորությունների ծանրության տակ, որ ուղղակի պարզ խաբեություն էին ԵՏՄ-ին անդամակցելու դիմաց Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորելու մասին` Մոսկվայից հնչած խոստումները:
Եվ ահա, դիմելով նման քայլերի, որոնք իրականում շատ ավելի մատնում են Երևանի հուսահատությունը, հայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, որ չեն պատրաստվում համակերպվել իրենց վերապահվող այդ նվաստացուցիչ դերին: Եվ դրա համար կրկին ընտրվել է եվրոպական վեկտորը խորացնելուն դիմելու միջոցով յուրատեսակ շանտաժ կիրառելու միջոցը: Պատահական չէ, որ Մոսկվային ուղղված կշտամբանքի վերջում Սերժ Սարգսյանը նշում է, թե Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը պետք է լուծում ստանա՝ նկատի ունենալով ոչ թե անմիջականորեն հենց զենք վաճառելու խնդիրը, այլ, առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների և պատասխանատվության շրջանակների վերջնական հստակեցումը: Դրա մասին է վկայում նրա այն ակնարկը, թե խնդիրը ոչ թե սպառազինության որակն է, այլ այն, որ սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Այսինքն՝ եթե Ռուսաստանը Հայաստանին վերաբերվեր որպես դաշնակցի, ապա նրա զենքը չէր կրակի իր դաշնակից երկրի զինվորի ուղղությամբ:
Այն, որ Հայաստանն այս կերպ փորձում է Մոսկվային հասկացնել իր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից իր չբավարարվածությունը, հասկանալի է: Սակայն ողջ հարցն այն է՝ ինչպե՞ս է Երևանը պատկերացնում այս վիճակի հանգուցալուծումը: Երբ Սերժ Սարգսյանը պնդում է, թե այս հարցը պետք է լուծում ստանա, արդյոք նա ունի՞ այդ լուծումը, որը կարող է ազատ քննարկել Պուտինի հետ: Կամ` Երևանը հաշվարկե՞լ է ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցությունը խորացնելու նոր փուլ սկսելու հետևանքները և Մոսկվայի հնարավոր արձագանքը, որպեսզի հանկարծ նորից չստացվի այնպես, որ թե' եվրոպացիները և թե' Հայաստանի հասարակությունը նոր սեպտեմբերի 3-ի խայտառակ շրջադարձի ականատեսը դառնան: Սրանք առայժմ օդից կախված հարցադրումներ են:
Գևորգ Դարբինյան
Հ.Գ. Մինչ բոլորը փորձում են հասկանալ՝ ինչպես է Հայաստանը պատասխանելու այդ հարցերին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, թե քննարկվում են Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամկետները: Դա այն դեպքում, երբ այդ ժամետները հստակ էին ի սկզբանե. Կրեմլից ավելի վաղ հաստատել էին, որ Պուտինը Հայաստան պետք է ժամաներ ապրիլի 24-ին՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Սա կարելի է հայաստանյան նոր եվրառևերանսների և Սերժ Սարգսյանի հայտարարությունների առաջին արձագանքը համարել: Մնում է հասկանալ՝ կանխատեսելի՞ էր, արդյոք, սա, ինչպես նաև այլ հնարավոր, ավելի կոշտ արձագանքները իշխանությունների համար: Կապրենք, կտեսնենք: