Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե` երբ ասում է Հայաստան, նկատի ունի, որ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժանելի մասն է: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկան և այն պետք է դիտարկվի որպես համակողմանի որոշման բաղադրիչ»,-ասել է Ուորլիքը:
Սերժ Սարգսյանի հայտարարությունն իսկապես անակնալ էր բոլորի համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը դրանից անմիջապես հետո հանդես եկավ հայտարարությամբ`ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելով որպես ԼՂ-ն Հայաստանին միացնելու, դրանով իսկ իր ագրեսոր լինելու իրողությունը խոստովանելու դրսևորում: Բաքուն ակտիվորեն փորձում է շահարկել այս հայտարարությունը, որն, ըստ էության տարօրինակ էր` հատկապես այն պատճառով, որ տրամագծորեն հակադրվում է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային տրամաբանությանը, որին Երևանը տվել էր իր համաձայնությունը: Դեռ մեկ տարի առաջ հունիսին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել էր հետևյալը. «Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ՝ երկրորդ հայկական հանրապետության ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, և կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է: Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը՝ խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի համար»: Դժվար է պատկերացնել, որ անցած մեկ տարվա ընթացքում պաշտոնական Երևանը փոխել է իր դիրքորոշումը և խնդրի կարգավորումը փորձում է տեղափոխել Արցախը դե յուրե Հայաստանին միացնելու ռազմավարության հարթություն: Առավել ևս, երբ Հայաստանին և միջազգային հանրությանը մաքսիմալիստական պահանջներ առաջադրելու և բանակցային գործընթացը վիժեցնելու իր վարքագծով գնալով ինքնամեկուսացման` Ադրբեջանն ակամա զգալիորեն ամրապնդել է հայկական կողմի բանակցային դիրքերը: Հետևաբար հարց է առաջանում` ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ նախագահի կողմից նման կտրուկ հայտարարության հնչեցումը: Նախագահն այդ մասին խոսեց Հայաստանի սահմանային բնակավայրերի և սահմանագծից 5կմ հեռավորության վրա գտնվող զորավարժարանի հրետակոծումից, հակառակորդի կողմից 122մմ տրամաչափի հրետանային համակարգի կիրառումից հետո, որոնց հետևանքով հայկական կողմը 7 զոհ ունեցավ:
Այսինքն ԼՂ-ի` հայաստանապատկանության մասին ուղերձը հնչեցվեց ի պատասխան վերջին շրջանի Ադրբեջանի սանձարձակ պահվածքի: Բայց այդ ուղերձի հասցեատերն Ադրբեջանը չէր, որն այսպես թե այնպես, իբրև հակառակորդ, ճանաչում է միայն Հայաստանին: Ուղերձի հասցեատերը Մինսկի խմբի համանախագահող երկրներն էին, որոնց պատվիրակները Նյու Յորքում այդ պահին բանակցությունների մեջ էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Իսկ ուղերձը հետապնդում էր երկու նպատակ: Առաջին` օրակարգային դարձնել ԼՂ-ի ոչ թե միջանկյալ կամ ժամանակավոր, այլ վերջնական կարգավիճակի որոշման հարցը: Սա այն կետն է, որտեղ կողմերի դիրքորոշումները փոխբացառող են: Երկրորդ` հասկանալի դարձնել, որ եթե հնարավոր չի լինելու սանձել Ադրբեջանին և նրան ստիպել նստել բովանդակային բանակցությունների սեղանին, եթե կարգավորման հիմնական սկզբունքներն այլևս բանի պետք չեն, ապա Հայաստանը կարող է իրեն իրավունք վերապահել սկսելու ԼՂ-ն Հայաստանին միավորելու գործընթաց:
Հետարքրքրական է, որ մինչ այս հայաստանյան իշխանությունները պնդում էին, որ եթե անգամ Ադրբեջանն անցնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, Հայաստանի պատասխան քայլը լինելու է ոչ թե այն իրեն միացնելը, այլ ԼՂՀ անկախության ճանաչումը, նրա հետ ռազմական համագործակցության պայմանագրի կնքումը: Այս իմաստով ուղերձը հղվեց որպես միջազգային հանրությանն ուղղված յուրատեսակ շանտաժի միջոց: Խնդիրն այն է, որ երբ նման հայտարարությունն արվում է երկրի ղեկավարի մակարդակով, այն պարտադիր անցկացվում է միջազգային իրավունքի և միջազգային քաղաքական կոնյուկտուրայի ընդհանուր պրիզմայով`ստանալով այլ երանգավորում: Այս իմաստով ուղերձը կարող է ընկալվել որպես բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու սպառնալիք, ինչն, իհարկե, ծայրահեղ քայլ կարելի է համարել: Դժվար է միարժեք գնահատել` որքանով է արդարացված խաղաքարտերն այսպես միանգամից խաղասեղանին գցելու մարտավարությունը: Կարճաժամկետ կտրվածքով այն գուցեև որոշակի դիվիդենտներ տա` քանի որ կդրդի միջնորդ երկրներին` ակտիվացնելու իրենց ջանքերը Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշումներ գործադրելու իմաստով: Եվ Սերժ Սարգսյանի հայտարարությանը Ուորլիքի այս արձագանքը կարելի է դիտարկել նաև այս առումով:
Ի վերջո Ուորլիքը նաև Բաքվին է հասկանալի դարձնում, որ ԼՂՀ-ի` Ադրբեջանին հանձնելու մաքսիմալիստական նկրտումները ևս անիրատեսական են: Բայց երկարաժամկետ կտրվածքով սա կարող է դիտարկվել որպես Երևանի կողմից բանակցությունները վիժեցնելու միտում:
Գևորգ Աղաբաբյան