կարևոր
1237 դիտում, 5 ժամ առաջ - 2025-11-04 09:27
Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ․ «Ժողովուրդ».

Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ․ «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև հարաբերությունների լարվածությունը երեկ իր պիկին է հասել: Բանն այն է, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն. քննարկումը փակ դռների հետևում պետք է կայանար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է, որ բոլոր համակարգիչները, իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից: Սակայն ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել: Դռնփակ նիստից մեզ մանրամասներ հասան, որ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի «թշնամի» դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել: Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչև Հայկ Սարգսյանը, զայրացած, լքել է նիստերի դահլիճը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը տևական ժամանակ է ամեն բան անում է Քոչարյանին զսպելու համար, ՔՊ-ական տարբեր միջավայրերում, անգամ Փաշինյանի առջև բողոքում է Քոչարյանի վարքից, բայց ապարդյուն: Քոչարյանը կոշտ խոսույթով է շփվում Սարգսյանի հետ, ակնհայտ արհամարհում նրան:

Ի դեպ, Քոչարյանը ակնհայտ արհամարհանքով է վերաբերվում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. անգամ հոկտեմբերի 27-ին նվիրված հուշահամալիրի մոտ նա քամահրանք է դրսևորել ԱԺ նախագահի հանդեպ, նույնիսկ չի բարևել նրան: Քոչարյանը չի ընդունում Ալեն Սիմոնյանի այն որոշումը, որ մերժեց քննել 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ ուղարկելով այն ԱԺ առաջին բաժին՝ արխիվացման: Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել, ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ:

Իսկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ՝ զեկույցի հետևից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում ։