Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2015-ի հունվար ամսից մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որի շրջանակներում անվճար բուժօգնություն է ստացել արդեն 270 քաղաքացի:
ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ծրագիրը կյանք փրկող ծրագիր է, որին կարող են դիմել միայն նրանք, ովքեր սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշում ունեն:
«Սուր, ծանր ինֆարկտի ախտորոշման դեպքում ծրագրի շրջանակներում տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ /որոշ դեպքերում` նաև երկու ստենտ է տեղադրվել/, որի արժեքը մոտավորապես 700 000 դրամ է»,- ասաց Վարդանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ծրագրի համար բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ, սակայն տարվա ընթացքում հնարավոր է, որ գումարը վերանայվի: Վարդանյանը հավաստիացնում է` ֆինանսների բացակայության պատճառով ծրագիրը չի ընդհատվի:
ՀՀ ԱՆ առողջապահական պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանն էլ տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է 6 ԲԿ-ներում` 4-ը` Երևանում, 2-ը` Գյումրիում և Գորիսում: Ծատուրյանը տեղեկացրեց նաև, որ մարտ ամսվա վերջին առողջապահության նախարարի հետ քննարկում է տեղի ունենալու, որի ժամանակ էլ կքննարկվի բուժկենտրոնների ցանկի ավելացման հարցը:
«Ծրագրի շրջանակներում անվճար բուժօգնություն է ստացել 210 տղամարդ եւ 60 կին, 270-ից 119-ը եղել են մարզերի բնակիչները: Բուժօգնություն ստացած անձինք 6 ամիս գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ անվճար հիմունքներով: Պետք է ասեմ նաև, որ ծրագրին մասնակցելու համար հաշվի չեն առնվում սոցիալական չափանիշները, կարեւոր է միայն ախտորոշումը՝ սրտամկանի սուր ինֆարկտ»,- ասաց Ծատուրյանը: