կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 14:28
Քաղաքական

ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ. Լյուդմիլա Սարգսյան

ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարին, նախ շնորհավորեց ԲՀԿ նորաստեղծ վարչությանը:

 

«Նախ` ուզում եմ շնորհավորել ԲՀԿ նորաստեղծ վարչությանը: Արտահերթ համագումարով նրանք կարողացան նոր վարչություն ստեղծել, և վերջապես հանգուցալուծվեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 12-ից ի վեր»,- ասաց նա:

 

Լյուդմիլա Սարգսյանը նշեց` այն, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել, արդեն հիմք է, որ իրենք կարողանան համագործակցել:

 

«Նաիրա Զոհրաբյանն այն անձն է, ով Գագիկ Ծառուկյանից հետո կարող է աշխատել: Նման իրավիճակից հետո թիմը վերականգնելու համար մեծ ջանքեր են պետք: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն այլևս ընդդիմություն է, սպասելի էր, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ անդամների հետ, այլ լուծում չէր կարող գտնել, քան ընդդիմություն հայտարարելը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ շատ քիչ քաղաքական ուժեր կգտնվեին, որ կդիմանային այդ փորձություններին: Համագործակցության մասով կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ: Հարցը մենք խմբակցությունում չենք քննարկել, բայց ես` որպես ՎՍԴՀԿ-ի ատենապետ, պատրաստ եմ համագործակցել նրանց հետ»:

 

«Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, և ժողովուրդն այդ խնդիրների լուծումը տեսնում է ընդդիմության համախմբման միջոցով: Այն քայլերը, որոնք ձեռնարկեց Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, ես կարծում եմ, որ հակասահմանադրական էին: Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի հանդեպ, կարելի էր կիրառել նաև ցանկացած ՀՀԿ-ականի հանդեպ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Նրա կարծիքով՝ այս պահին պայքար է գնում նաև ընդդիմության դաշտում վերադասավորվելու համար: «Այս իրավիճակում ամենացավալին այն է, որ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակվեցին, և այն բևեռը, որը ձևավորվել էր, որ պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլևս չկա: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր հուսախաբ է, բայց ոչ թե ընդդիմությունից, այլ երկրում տիրող իրավիճակից: Այստեղ ընդդիմության դերը մեծ պետք է լինի: Պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք իսկապես կան ընդդիմության մեջ, և համախմբման միջոցով հասնել հաջողության»,- նշեց պատգամավորը: