կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 13:17
Քաղաքական

Հայաստանում ունենք շատ պատրաստված գեներալներ, ովքեր կարող էին զբաղեցնել ԶՈւ շտաբի պետի պաշտոնը. Լյուդմիլա Սարգսյան

Հայաստանում ունենք շատ պատրաստված գեներալներ, ովքեր կարող էին զբաղեցնել ԶՈւ շտաբի պետի պաշտոնը. Լյուդմիլա Սարգսյան

Հաշվի առնելով այն, որ մեր երկիրը պատերազմում է, ցանկալի կլիներ, որ նախարարի պաշտոնում նշանակվեր մի մարդ, ով բանակի ընդհանուր վիճակին տիրապետում է և զինվորական  պատրաստվածությամբ կարող է օգնել բանակի ուժեղացմանը. Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն:

Չնայած նման համոզմանը` պատգամավորն, այդուհանդերձ, կարծիք հայտնեց՝ քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, այդ համատեքստում կարող է դիտարկվել նաև Վիգեն Սարգսյանը: «Նա շատ փորձառու  մարդ է, բավականին պատրաստված է,  բայց թե ինչքանո՞վ  կարդարացնի այդ պոսոտում իրեն,  չեմ կարող ասել: Նախընտրելի  կլիներ, որ այդ պաշտոնը զբաղեցներ մի մարդ, ով  պատերազմի թոհուբոհով անցել է և նրբություններին լավ է տիրապետում: Միգուցե Վիգեն Սարգսյանը կարողանա շատ արագ այդ ամենին տիրապետել, ժամանակը ցույց կտա, ուղղակի խնդիրն այն է, որ մենք ժամանակ չունենք, դա է մեր ցավը, մենք պատերազմող երկիր ենք և ամեն վայրկյան վտանգված ենք»,- ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ավելի արդյունավետ կարող է լինել այն, որ դիվանագիտական մասի պատասխանատվությունը ստանձնի Վիգեն Սարգսյանը, իսկ զորքերի հետ աշխատանքով զբաղվի  ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, նա պատասխանեց. «Խաղաղ պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարը համարվում է  պաշտպանության նախարարը, իսկ  պատերազմի ժամանակ՝ վարչապետը: Այս պարագայում ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ հակասություն կլինի Սահմանադրության հետ»:

Սարգսյանը նշեց նաև, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնն անչափ կարևորում է: «Մովսես Հակոբյանին չեմ ճանաչում լավ, իհարկե, գիտեմ, որ նա փորձառու է՝ որպես Արցախի Պաշտպանության  բանակի հրամանատար, բայց կարծում եմ, որ մենք Հայաստանում ունենք  շատ  պատրաստված գեներալներ, որոնք  կարող էին զբաղեցնել շտաբի պետի պաշտոնը, օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանը»,- եզրափակեց պատգամավորը: