Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց իր առաջիկա քաղաքական գործունեության մասին:
Արձագանքելով մեր դիտարկմանը, թե անընդհատ խոսում են Հանրապետական կուսակցությունում սպասվող փոփոխությունների մասին, բայց ընդդիմության հետագա գործունեության ուղին կարծես հստակ չի նշմարվում, նա նշեց, որ իր մասով շատ կոնկրետ բան չի կարող դեռ ասել, բայց հիմա ավելի է ակտիվացել համագործակցության եզրեր փնտրելու գործընթացը:
«Կան խոսակցություններ, քննարկումներ: Փնտրելու գործընթաց է գնում կոնկրետ նպատակի շուրջ: Սա մի սոուս է, որի մեջ եփվում ենք, ի՞նչ արդյունք կտա դա, դեռ որևէ մեկը չի կարող հստակ ասել: ՀՀԿ-ի մասով որոշակի հստակություն կա, բայց այնտեղ էլ լուրջ խմորումներ են տեղի ունենում: Դեռ որևէ մեկը չի կարող հստակ բան ասել, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ ֆորմատներ կարող են լինել, և, ընդհանրապես, ՀՀԿ-ն այդ անվան տա՞կ հանդես կգա, թե՞ ինչ-որ դաշինքով»,- ասաց Սարգսյանը:
Խոսելով ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին՝ նա նշեց, որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ ունի մարդկային ջերմ հարաբերություններ:
«Ասեմ, որ ԱԺ-ում շատ դժվար է ընկերներ ունենալ, բայց, նրա հետ ունենալով ջերմ հարաբերություններ, նաև չեմ կարող ասել՝ ինչի կարող է վերաճել այդ ընկերությունը»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ, իր կարծիքով, Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա ակտիվ քաղաքականություն:
Հարցին՝ ամեն պարագայում իրեն տեսնո՞ւմ է առաջիկա խորհրդարանում, Սարգսյանը պատասխանեց. «Կուսակցության մասնակցությունն անպայման լինելու է: Ես կուսակցության ղեկավար եմ, և վերջին հաշվով՝ իմ նպատակն իմ անձնական մասնակցությունը չէ: Ես` որպես կին, շատ ավելի մեծ հնարավորություններ ունեմ, բնականաբար, որովհետև շատ չեն քաղաքական կանայք»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է այնպես ստացվել, որ ՎՍՀԴԿ-ն դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ: Սարգսյանը պատասխանեց, որ դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ:
«Ես չեմ կարծում, ավելի քան չեմ կարծում, բայց ՀՀԿ-ն ևս կարող է մտածել ինչ-որ այլ ֆորմատով հանդես գալու մասին, որովհետև գիտեք` ՀՀԿ-ի վարկանիշն առանձնապես բարձր չէ, և չի բացառվում, որ մի քանի քաղաքական ուժերով կարող են ինչ-որ դաշինք ձևավորել մեկ անվան տակ և այդպես հանդես գալ: Դա, հավանաբար, PR իմաստով կարող է ավելի արդյունավետ լինել»,- ասաց պատգամավորը:
Նա խոսեց նաև ընդդիմության ներկայիս վիճակի մասին: «Ի վերջո, ժողովորդն է որոշում՝ որ ընդդմիադիր քաղաքական ուժն է ներկայացված լինելու խորհրդարանում, բայց ասեմ, որ ընդդիմության վիճակը բավականին ծանր է, դա միանշանակ է: Թվում էր, որ նոր Սահմանադրությամբ կուսակցությունների դերը պետք է բարձրանար, և դա պետք է օգներ ընդդիմադիր քաղաքական ուժերին, բայց այս պահին առանձնապես չի օգնում, իսկ այն խնդիրները, որոնք առաջացել են տարբեր քաղաքական ուժերի միջև տարբեր տարիների ընթացքում, դեռ որոշակի խոչընդոտ են նրանց՝ տարբեր ձևաչափերով հանդես գալու հարցում»,- ասաց Սարգսյանը: