կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-04 17:42
Տնտեսական

ՀԷՑ-ի ճակատագիրը պարզ կդառնա ապրիլի 1-ին

ՀԷՑ-ի ճակատագիրը պարզ կդառնա ապրիլի 1-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում պետք է քննարկեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության` 2015 թ. ներդրումային ծրագիրը: ՀԷՑ-ը պատրաստվում է այս տարի ներդնել 8 մլրդ 372 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի):

 

Սակայն նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է մինչև ապրիլի 1-ը հետաձգել ընկերության` 2015 թ. ներդրումային ծրագիրը, քանի որ նիստից առաջ ընկերության տնօրեն Եվգենի Բինինը խնդրել է հանձնաժողովին` 1.5 ամսով հետաձգել ծրագրի քննարկումը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Նատալյա Սարջանյանն ասաց. «Ընկերությունը վերջին տարիներին վնասով է աշխատել, և 2014-ի արդյունքներով` այդ վնասները կազմել են ավելի քան 10 միլիարդ դրամ: Այս առումով` այս պահին բարդություններ են առաջացել ընկերության համար վարկերի մարման և հետագա ֆինանսական կայունությունն ապահովելու գործում: Ներկա դրությամբ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը եւ ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ի համատեղ ստեղծած աշխատանքային խումբը զբաղվում են մի փաստաթղթի մշակմամբ, որը հիմք կծառայի ընկերության հետագա ռազմավարության իրականացման համար»:

 

Խնդիրն այն է, որ ընկեությունը ցանկանում է բանկերի հետ համաձայնության գալ վարկերի վերակառուցման և ընկերության համար շահավետ պայմաններով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով: Դրանից հետո, ըստ ընկերության ներկայացուցչի, նոր հնարավոր կլինի քննարկել 2015-ի ներդրումային ծրագիրը: Ներդրումներ անելու համար միջոցներ չկան, և ժամկետի հետաձգումը ընկերությունը կօգտագործի ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, որպեսզի կարողանա կատարել ներդրումները:

 

Մեր հարցին, թե ի՞նչն է հիմանական պատճառը, որ ընկերությունը մեծ վնասներ է կրել, Նատալյա Սարջանյանն ասաց, որ ՀԷՑ-ի` արտադրող կայաններին վճարվելիք գումարների չափը շեշտակի աճել է, ինչպես նաև ատոմակայանի անջատումը 88 օր ավելի է եղել: Այժմ գրեթե վստահ կարելի է ասել, որ այս ամենը հող է ստեղծում էլեկտրաէներգիայի թանկացման համար: Բացի այդ` դոլարի կտրուկ թանկացումը նույնպես կունենա իր ազդեցությունը, երբ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը վերանայի սակագինը: