կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 16:55
Մշակույթ

Մեր` «Օսկար»-ին մասնակցելը դարձավ պատմություն. «Երկրաշարժ»-ի ճակատագիրը պարզ կլինի օրերս

Մեր` «Օսկար»-ին մասնակցելը դարձավ պատմություն. «Երկրաշարժ»-ի ճակատագիրը պարզ կլինի օրերս

Ամերիկյան կինոակադեմիան հետ է վերադարձրել Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված` Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հայտը: Ֆիլմն արտադրել է ռուսաստանյան «Մարս մեդիա» կինոընկերությունը, և այն ռուս-հայկական համատեղ արտադրանք է համարվում:

«Օսկարի» կոմիտեն, սակայն, կարծում է, որ ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները մեծ մասամբ ոչ թե հայ են, այլ ռուս, իսկ նկարահանումների մեծ մասն իրականացվել է ՌԴ-ում: Կոմիտեն շեշտում է, որ ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերները, սցենարի հեղինակների փաստաթղթերում, որպես ծննդավայր, նշել են ՌԴ-ն, և ստացվում է, որ ֆիլմը ոչ թե հայկական է, այլ ռուսական արտադրության:

Ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, դերակատարներ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոակադեմիան և ՀՀ մշակույթի նախարարությունը համաձայն չեն նշված բողոքի հետ: 

Նշենք, որ ֆիլմի բյուջեն կազմում է 3 միլիոն դոլար: Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշում է, որ ֆիլմի տեսարանների եթե ոչ կեսը, ապա մեծամասնությունը նկարահանվել են հենց Գյումրիում, բնականաբար` հայ դերասանների մասնակցությամբ: Ռուսաստանում նման վերաբերմունքը քաղաքական որոշում են համարում`ուղղված Ռուսաստանի դեմ: Այնուամենայնիվ, «Օսկար»-ի կոմիտեն նշել է, որ պատրաստ է հայկական կողմից վերցնել մեկ այլ ֆիլմի հայտ` չնայած այն հանգամանքին, որ արդեն լրացել են հայտեր ներկայացնելու վերջնաժամկետները:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, իր տեղեկություններով, կինոակադեմիան լրացուցիչ փաստաթղթեր է ուղարկել մրցանակաբաշխության կոմիտեին, որում ներկայացված են մանրամասներ ու փաստեր, որ ֆիլմի ռեժիսորը հայ է, իսկ նկարահանումները հավասարապես ընթացել են թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում: Հայկական կողմը կոմիտեից պատասխան է ակնկալում մինչև ընթացիկ շաբաթվա վերջ:  

Նշենք նաև, որ ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Երկրաշարժը» հայկական կինովարձույթում կհայտնվի նոյեմբերի 18-ին:

«Օսկար»-ի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, որտեղ ընդգրկված էր նաև «Երկրաշարժը», ներառվել է 85 ֆիլմ:

Հիշեցնենք, որ 2015-ին «Օսկարի» կոմիտեն որակազրկել էր աֆղանական «Ուտոպիա» ֆիլմը /ռեժիսոր` Հասան Նազեր/` պատճառաբանելով, որ ֆիլմում բավականին շատ են անգլերենով երկխոսությունները: Կոմիտեն առաջարկել էր մեկ այլ ֆիլմ ներկայացնել, սակայն աֆղանական կողմը հրաժարվել էր:  

Մեզ մնում է միայն սպասել «Օսկարի» կոմիտեի որոշմանը: