Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար:
Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները ևս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ վճարի իր ժխտողական լոբբինգի համար:
Խանդավառված իրենց խոշոր հաղթանակով Լոս Անջելեսում՝ ամերիկահայերն այժմ պետք է ընդլայնեն իրենք քաղաքական ակտիվությունը՝ դաս տալու Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական Բիլ Շուստերին, որը խայտառակ նամակ է գրել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով նրանց չաջակցել սպասվող Հայոց ցեղասպանության բանաձևին:
Շուստերն անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին հղած իր «Հարգելի գործընկերներ» նամակում անամոթաբար կոչ է արել. «զերծ մնալ մի բանաձևի սատարումից՝ կողմ չբռնելով պատմական բանավեճում իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ աշխարհի մյուս ծայրում»: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում կոնգրեսականը Հոլոքոստի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «աշխարհի մյուս ծայրում» ավելի քան 70 տարի առաջ…
Իր լկտի նամակում կոնգրեսական Շուստերը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը՝ հայտարարելով, որ առկա են «երկու հակասական պատմություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հետ»: Իր այլասերված տրամաբանությամբ կոնգրեսականը պնդում է, որ «1915 թ. իրադարձությունները…. ցեղասպանություն չեն հանդիսանում», որովհետև «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդեր, արաբներ և մահմեդականներ…. նույնպես տուժել են այս հակամարտությունում»: Նրա հղումը «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդերի» կորստին Առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիայի կառավարության համար գործող լոբբիստական ընկերություններից մեկի կողմից շարադրված վերջին կեղծիքն է:
Փենսիլվանիայի կոնգրեսականը նաև կեղծորեն պնդում է, որ Հայոց ցեղասպանության բանաձևը «կթշնամացնի տարածաշրջանում մեր վերջին դաշնակիցներից մեկին [Թուրքիա], որը ձեռք ձեռքի տված աշխատում է ամերիկյան զինվորների և մեր մյուս դաշնակիցների հետ ԻԼԻՊ-ի («Իսլամական պետության») դեմ պայքարում»: Կոնգրեսական Շուստերը պետք է որ քարանձավում թաքնված լիներ վերջին մի քանի տարիներին՝ տեղյակ չլինելու, որ «ՆԱՏՕ-ի այս կարևոր դաշնակիցն» է կազմակերպել ԻԼԻՊ-ի հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը Սիրիա, նրանց մատակարարել զենք, զինամթերք ու ցուցաբերել ռազմական աջակցություն:
Կոնգրեսականը ծիծաղելիորեն պնդում է, որ «այս [հայկական] բանաձևի ընդունումը աղետալի կլինի և կվնասի Միացյալ Նահանգների շահերին»: Եթե Թուրքիան իրոք այդպիսի լավ դաշնակից է Ամերիկայի համար, ապա ինչո՞ւ պետք է ուզենա վնասել Ամերիկայի շահերին:
Արդյոք Հոլոքոստի առնչությամբ որևէ դատապարտող բանաձևի ընդունումը կհանգեցնի՞ ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակցի՝ Գերմանիայի կողմից ԱՄՆ շահերի վնասմանը Եվրոպայում:
Կոնգրեսական Շուստերն իր նամակն ավարտում է՝ անվանելով 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդն ընդամենը «միջադեպ»՝ կոչ անելով իր գործընկերներին. «կողմ չլինել պատմության վերամեկնաբանման ճակատամարտում» և «մեկ անգամ ևս մտածել մինչև օրենսդրության տակ ստորագրելը, որը կարող է զգալի վնաս հասցնել մեր հարաբերություններին տարածաշրջանում»: Զարմանալի չէ, որ «Հանուն առաջընթացի» անունով հորջորջվող թուրքական ինստիտուտն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնգրեսականի նամակը:
Փետրվարի 27-ին թուրքական «Սաբահ» թերթը հայտնեց, որ Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ Նյու Յորքից՝ դեմոկրատ Իվետ Քլարկը և հանրապետական Լի Զելդինը, նույնպես հայտարարել են, որ դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևին: Ուշագրավ է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը զրո նիշ է շնորհել կոնգրեսական Շուստերին և բացասական նիշ՝ կոնգրեսական Քլարկին: Կոնգրեսական Զելդինը Հայ Դատի հանձնախմբի կողմից չի գնահատվել, քանի որ սա նրա պաշտոնավարման առաջին շրջանն է:
Ամերիկահայերը մեկուկես տարի ժամանակ ունեն մինչև առաջիկա կոնգրեսական ընտրություններն արդյունավետ ծրագիր մշակելու համար, որպեսզի դաս տան ցեղասպանությունը ժխտող այս երեք կոնգրեսականներին: Եթե նրանցից գոնե մեկը պարտվի, ապա մյուս անդամները երկար կմտածեն մինչև ցեղասպանության ժխտման անբարո խաղեր խաղալը:
Զարմանալի չէ, որ երեքն էլ՝ Շուստերը, Քլարկը և Զելդինը, Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 130 անդամների թվում են: Բացի այդ, Շուստերը նաև Կոնգրեսում Ադրբեջանի աջակցության խմբի համանախագահն է: Այս երեք անսկզբունքային քաղաքական գործիչներից մեկին Կոնգրեսից վռնդելուց հետո, հայ համայնքը պետք է ռազմավարություն մշակի Թուրքիայի աջակցության խմբի մյուս բոլոր 130 անդամներին հետապնդելու ուղղությամբ, որը 157 անդամ ունեr 2012 թվականին: Նման ճնշման կիրառումը կստիպի նրանց լքել Թուրքիայի աջակցության խումբը, իսկ ուրիշներին՝ հրաժարվել միանալու մտադրությունից, հենց որ հասկանան, որ իրենք ևս դատապարտված կլինեն պարտության:
Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերել Կոնգրեսում Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր