կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 11:34
Տարածաշրջան

Սկանդալ թուրքական մամուլում. խմբագիրը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածի համար

Սկանդալ թուրքական մամուլում. խմբագիրը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածի համար

Թուրքական ընդդիմադիր Gazete Duvar կայքում սկանդալ է տեղի ունեցել՝ կապված «Հայերի աքսորը» վերնագրով հոդվածի հրապարակման հետ: Gazete Duvar-ը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով. բացահայտ քննադատության են ենթարկվում թուրքական իշխանությունները, խոսվում է ազգային փոքրամասնությունների խնդրի մասին, այդ թվում՝ քրդական հարցի և Հայոց ցեղասպանության, և հոդվածներում, ի տարբերություն թուրքական այլ լրատվամիջոցների, կոչ է  արվում հրաժարվել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունից:

Ի հեճուկս այլ կայքերի, որոնց խմբագրություններում Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածի համար շնորհակալություն կհայտնեին, իսկ բարձրաձայնելու ու ընդունելու համար կազատեին աշխատանքից, Gazete Duvar-ում տեղի է ունեցել ճիշտ հակառակը:

Gazete Duvar-ի խմբագիր Ալի Դուրան Թոփուզը կայքից հեռացրել է հոդվածագիր Գյուլգյուն Թյուրքօղլուի՝ «Հայերի աքսորը» վերնագրով հոդվածը, որում առանց ապացույցների նշվում էր, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը աքսոր էր, իսկ Հայոց ցեղասպանության փաստը ապացուցված չէ:

Խմբագիր Թոփուզը հոդվածը կայքից հեռացնելուց հետո «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» վերնագրով հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է. «Gazete Duvar-ը ժխտողականությունը մերժող կայք է: Հայոց ցեղասպանության հարցում էլ է նույնը: Գյուլգյուն Թյուրքօղլուի երեկվա հոդվածը չի համապատասխանում մեր սմզբունքներին և համոզմունքներին: Երբեմն հնարավոր չի լինում կարդալ բոլոր լրագրողների հոդվածները: Մենք տեղեկացրել ենք լրագրողին, որ հոդվածը չի համապատասխանում մեզ: Իհարկե, ամբողջ պատասխանատվությունն իմն է: Շատ եմ ցավում: Ներողություն եմ խնդրում բոլորից»:

Թյուրքօղլուն իր թվիթերյան էջում քննադատել է Gazete Duvar-ի այս մոտեցումն ու իր հոդվածը կայքից հեռացնելը և, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:

Թոփուզի այս քայլը ողջունել են պոլսահայ մտավորական, գրող Սևան Նիշանյանը, թուրք փաստաբան, իրավապաշտպան, Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Քեսքինը և այլք: