կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 12:06
Աշխարհ

Հանեց թղթադրամների և կրեդիտ-քարտերի տրցակն ու վճարեց. ամերիկացի լրագրողը հիշում է Քըրքորյանի հետ ճաշը

Հանեց թղթադրամների և կրեդիտ-քարտերի տրցակն ու վճարեց. ամերիկացի լրագրողը հիշում է Քըրքորյանի հետ ճաշը

Չարլզ Ֆլեմինգը The Los Angeles Times պարբերականում հրապարակել է հոդված` ներակայացնելով իր տպավորությունները Քըրք Քըրքորյանի հետ հանդիպումից:

«Երեկո Քըրքորյան-գիշատչի հետ» վերնագրով հոդվածում Ֆլեմինգը գրել է. «1995 թվականի վերջին ինձ խնդրեցին «Vanity Fair» ամսագրի համար հոդված գրել: Ի պատասխան «ո՞վ է Հոլիվուդի ամենահետաքրքիր մարդը» հարցին, ինձ տվեցին նրա անունը:

Միլիարդատերը, ով այն ժամանակ 78 տարեկան էր, հայտնի էր իր՝ լրագրողներից խուսափողականությամբ: Ես «Vanity Fair»-ին հայտնեցի, որ նա երբեք չի համաձայնի հարցազրույց տալ, սակայն նրանք պնդեցին՝ այնուամենայնիվ, նյութը պատրաստել:

Ես հարցազրույց էի վերցնում հնարավոր բոլոր մարդկանցից՝ հոլիվուդյան կինոստուդիայի ներկայացուցիչներից, Լաս Վեգասում խաղատան օպերատորներից, Քըրքորյանի ընկերներից, հանդիպում մի շարք պաշտոնատար անձանց հետ: Նրանք ինձ անընդհատ ասում էին, որ տասնամյակներ է՝ ինչ Քըրքորյանը ոչ միայն հարցազրույց չի տվել և ոչ միայն չի հանդիպի ինձ հետ, այլև հեռախոսով անգամ չի խոսի:

Բայց մի օր առավոտյան հեռախոսս զանգեց: Կարող եմ այսօր երեկոյան Լաս Վեգասի MGM Grand-ում հանդիպել Քըրքորյանի հետ: Կանոնները պարզ էին՝ նոթատետր չբերել, հարցազրույց չակնկալել, պարզապես գալ և հանդիպել այդ մարդու հետ:

Ես շուտ հասա, և ինձ ուղեկցեցին դեպի MGM-ի ռեստորաններից մեկի սեղանը: Քըրքորյանը փոքր-ինչ ուշացած եկավ: Նա կրում էր տաբատ և բաց պարանոցով վերնաշապիկ: Նրա երկար մազերը խոնավ էին: Նա թենիս էր խաղացել, որը նրա կրքերից մեկն էր: Նրա ձեռքում մեքենայի բանալիներն էին, որը նա անձամբ էր կայանել MGM-ի կայանատեղիում:

Քըրքորյանը ներողություն խնդրեց ուշանալու համար: Նրա ոչ թանկարժեք Timex ժամացույցը վնասվել էր, եւ նա մոռացել էր հետևել ժամին:

Ճաշից հետո (կերավ սովորական  խորոված ձուկ) հանգիստ, շփվող, բարեսիրտ և հումորով մարդ էր: Հանգիստ խոսեց Ֆրեզնոյում իր մանկության, դպրոցում իր «պայքարի», Rifle Right Kerkorian մականունով բռնցքամարտիկի կարիերայի և Երկրորդ աշխարհամարտից հետո բիզնես սկսելու մասին:

Քըրքորյանն ընկերաբար զրուցեց մատուցողի հետ, որին անունով գիտեր: Երբ հաշիվը բերեցին, միլիարդատերը գրպանից հանեց ռետինե օղակով ամրացված թղթադրամների եւ կրեդիտ-քարտերի տրցակը եւ վճարեց:

Հեռանալիս նա ներողություն խնդրեց վաղ հեռանալու համար. թենիսի խաղ ուներ և չէր ցանկանում ուշանալ:

Հոդվածը, որ ես, ի վերջո, գրեցի, արդարացի էր եւ հավասարակշռված, իհարկե, նաև նրա հետ անցկացրած հաճելի և մարդկային երեկոյի ազդեցությամբ: Բայց հետո ես իմացա, որ նրա օգնականներն այնքան վրդովված են եղել Vanity Fair-ի «Գիշատիչը» վերնագրից, որ նրան նույնիսկ ցույց չեն տվել հոդվածը»: