կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 17:00
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ը ճանաչո՞ւմ է ԼՂՀ-ն

ԱՄՆ-ը ճանաչո՞ւմ է ԼՂՀ-ն

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին կրկնել է օրեր առաջ Բաքվում և Երևանում ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի արած այն հայտարարությունը, թե, որպես մարդասիրական ժեստ, հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի ԼՂՀ-ում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված երկու դիվերսանտներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին: Սա արդեն այդ խնդրով Վաշինգտոնից հայկական կողմին ուղղված թվով երրորդ «հորդորն» է՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից և Վիկտորյա Նուլանդից հետո:

 

Տպավորություն է ստեղծվում, թե դիվերսանտներին վերադարձնելու խնդիրն ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն է ձեռք բերել: Իրականում, սակայն, դա ավելի շատ ժեստ է` Ադրբեջանին ցուցադրելու նրա բարձրացրած հարցն անուշադրության չմատնելու տրամադրվածությունը: Հակառակ դեպքում` ԱՄՆ-ն ավելորդ սեթևեթանքներ կատարելու փոխարեն հստակ կպահանջեր վերադարձնել այդ երկու հանցագործներին, այլ ոչ թե շեշտադրում կկատարեր նրա վրա, որ դա հայկական կողմը կարող է անել որպես հումանիզմի դրսևորում: Պարզ է, որ եթե հարցը բարոյականության հարթությունում է բարձրացվում, ապա հայկական կողմին նաև «իրավասություն է վերապահվում» այդ հումանիզմը չդրսևորելու: Մանավանդ, որ, իբրև կարգավորման միջնորդ, ԱՄՆ-ը թերևս բոլորից լավ է հասկանում, որ հայկական կողմն ունի դրա բոլոր հիմքերը՝ կապված թե' Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից «գնելու»` Բաքվի քայլի, թե' հայկական ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի դիակներին մոտենալ չթողնելու յուրօրինակ «հումանիզմի» հետ: Վաշինգտոնը պարզապես սիրաշահում է Ադրբեջանին՝ մի կողմից նրա պրոռուսական ներկայիս հակումները թույլ չտալու, մյուս կողմից` ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները դեպի Եվրոպա ուղղելու ստրատեգիական ծրագրերի իրականացումը հեշտացնելու նկատառումով: Եվ պատահական չէ, որ այդ հարցն առանձնապես սրվեց ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ Բաքու այցելությունից անմիջապես հետո, իսկ այցն ավելի շատ հենց էներգետիկ ոլորտում գործակցության հեռանկարները քննակելու նպատակ ուներ:

 

Պատահական չէր նաև, որ հայկական կողմից հումանիզմի հնարավոր դրսևորումը Վաշինգտոնը ներկայացնում է կողմերի միջև լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության համատեքստում: Մի գործոն, առանց որի հնարավոր չէ ոչ միայն տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազումը, այլև դեպի Եվրոպա որևէ էներգետիկ միջանցքի ստեղծումը: Այս իմաստով պարզապես որևէ տրամաբանության չեն ենթարկվում պնդումները, թե ԱՄՆ-ը, սրելով դիվերսանտների հարցը, ստիպում է հայկական կողմին անել նրանց չհանձնելու մասին հայտարարություններ և դրանով կանխում նրանց հանձնումը Ռուսաստանի ճնշման ներքո:

 

Ծիծաղելի է մտածել, որ եթե Ռուսաստանն իսկապես այդ հարցում սուր շահագրգռություն ցուցաբերեր և հարցը կտրուկ դներ Հայաստանի առջև, նման հայտարարությունները խանգարելու էին հայկական կողմին կատարել ռուսների պահանջը: Դրա օրինակները կան` ԵՏՄ-ին անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին հայկական արդարադատության վերադարձնելու հարցում ցուցաբերված անգործությունը:

 

Իրականում, սակայն, սա չէ ամենակարևորը, այլ այն, որ դիվերսանտների հարցը, կամա, թե ակամա, աստիճանաբար քաղաքականացվում է թե' Մոսկվայի և թե' Վաշինգտոնի կողմից: Եվ պետք է հասկանալ՝ սա լա՞վ է, թե՞ վատ: Առաջին հայացքից թվում է, թե այդքան քաղաքակացնելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ մարդիկ դիվերսանտներ են, ահաբեկիչներ և մարդասպաններ, ինչի համար և արդարացիորեն ազատազրկման են դատապարտվել ԼՂՀ-ում: Սակայն տվյալ դեպքում կարևորը դիվերսանտները չեն, այլ փաստը, որ որքան քաղաքակացվում է նրանց հարցը, այնքան այս պատմության մեջ ընդգծվում է ԼՂՀ-ի գործոնը: Ուշագրավ է, որ ո'չ Նուլանդը և ո'չ էլ Փսակին հումանիզմ դրսևորելու իրենց հորդորն ուղղակիորեն Հայաստանին չեն ուղղում և անորոշ ձևակերպումներ են օգտագործում այդ հորդորի հասցեատիրոջ մասին խոսելիս: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ջեն Փսակին, օրինակ, այս կապակցությամբ ասում է. «Նա [Նուլանդը] նույնպես հորդորել է համապատասխան իշխանություններին` երկու բանտարկյալներին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը»: Ո՞րն է «համապատասխան իշխանությունը», մնում է կռահել: Անցած ամիս նույն մոտեցումն էր ցուցաբերել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի դիվերսանտին վերադարձնելու հնարավորության մասին հարցին պատասխանելիս Լավրովը կիրառել էր «հայկական կողմ» արտահայտությունը՝ կրկին չհստակեցնելով, թե ում նկատի ունի՝ Հայաստանի՞ն, թե՞ ԼՂՀ-ին: Եվ որքանով այս հարցում թե' ԱՄՆ-ը և թե' Ռուսաստանն ընդգծված զգուշավորություն են ցուցաբերում, այնքանով նրանք ոչ միայն ԼՂՀ-ն վերածում են գործոնի, այլև փաստացի այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս սուբյեկտ: Մանավանդ` անելով նման հայտարարություն, ԱՄՆ-ը, ըստ էության, լեգիտիմացնում է այդ հանցագործների մասով ԼՂՀ առաջին ատյանի դատարանի վճիռը, որովհետև ընդհանրապես կասկածի տակ չի դնում այդ անձանց հանցագործ լինելու հանգամանքը և չի խոսում կայացած դատավարության օբյեկտիվության, թափանցիկության և ամենակարևորը՝ օրինականության մասին:

 

Հետևաբար, որքան միջազգային մակարդակով հարցն այս շետադրումներով շատ սրվի, այնքան ի հայտ է գալու անմիջականորեն ԼՂՀ-ին դիմելու անխուսափելիության խնդիրը: Ոչ մի նշանակություն չունի՝ Ստեփանակերտին կդիմի Բաքո՞ւն, Մոսկվա՞ն, թե՞ Վաշինգտոնը: Ստեփանակերտում, կարծես, հենց այսպես էլ ընկալում են խնդիրը: Փսակիի հայտարարությունից հետո ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե Ադրբեջանից հումանիզմի դրսևորում է ակնկալում Ռամիլ Սաֆարովին Հայաստանին հանձնելու տեսքով: Ավելի վաղ նա նշել էր, որ այդ դեպքում Ստեփանակերտը կքննարկի Սաֆարովին դիվերսանտ ահաբեկիչներից որևէ մեկի հետ փոխանակելու հարցը: Այն, որ ԼՂՀ-ն նման ակտիվություն է ցուցաբերում այս հարցի՝ արդեն միջազգայնացված քննարկումներում, ինքնին ընդգծում է նրա դերը, նրան շրջանցելու հետևանքները: Այդ ակտիվության ենթատեքստային ուղերձը շատ պարզ է` եթե հարց ունեք քննարկելու, ապա ուղիղ ինձ դիմեք, այլ հասցեատեր չկա:

 

ԼՂՀ-ի ֆոնին բացարձակ անտարբերություն է դրսևորում Երևանը: Ո'չ Ուորլիքի, ո'չ Լավրովի, ո'չ Նուլանդի և ո'չ էլ հիմա Փսակիի հայտարարություններից հետո Երևանը երբեք չի արձագանքել: Գուցե դիվանագիտական հնարք է այն, որ պետք է հիմա առաջին պլանում հանդես գա ԼՂՀ-ն: Բայց երբ այդ հայտարարություններն արվում են նաև Երևանում, այն էլ` ԱՄՆ փոխպետքարտուղարի մակարդակով, չխոսելն ավելի շատ նմանվում է համրության: Առավել ևս, որ ասելու շատ բան էլ, ըստ էության, չկա: Պարզապես պետք է հորդորել հորդորողներին՝ իրեն չխառնել մի հարցի, որտեղ որևէ իրավազորություն չունի:

 

Գևորգ Դարբինյան