կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 20:33
Առանց Կատեգորիա

Չեխիան ճանաչո՞ւմ է Արևմտյան Հայաստանը

Չեխիան ճանաչո՞ւմ է Արևմտյան Հայաստանը

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը երեկ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Ըստ Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր»-ի՝ բանաձևում մասնավորապես նշվում է. «Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործված հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝  հայերի եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները եւ կոչ է անում միջազգային հանրությանը` արդյունավետորեն կանխել մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում, վեճերը լուծել խաղաղ միջոցներով»:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե ինչպես Պատգամավորների պալատի բանաձեւը, այնպես էլ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները արժեքավոր ներդրում են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Չեխիայի նախագահի անունն այստեղ պատահական չի նշվում: Իրականում այս բանաձևի ընդունումն առաջին հերթին նրա ջանքերի արգասիքն է, թեև նախագիծը հեղինակել է հայ-չեխական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը: Դեռևս 2014թ. Պրահայում Հայաստանի նախագահի հետ հանդիպման, ապա նաև 2015թ. Երևանում՝ իր պետական այցի ժամանակ Զեմանը ոչ միայն հայտարարել էր Ցեղասպանությունը ճանաչելու մասին, այլև խոստացել հարցը ներկայացնել իր երկրի պառլամենտում և հասնել նաև դրա ճանաչմանը:

Չեխիան դարձավ երկրորդ պետությունը, որի պառլամենտը բանաձև է ընդունում Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո: Առաջինը Գերմանիան էր, որի Բունդեսթագը նման բանաձև ընդունել էր անցյալ տարի: Չեխիայի պատգամավորների պալատի կողմից նման բանաձևի ընդունումը փաստում է, որ սին էին մտավախությունները, թե 100-րդ տարելիցից հետո Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կսկսի անկում ապրել: Բանաձևը հռչակում է, որ ինչպես ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, այնպես էլ ճանաչման միջոցով պատմական արդարությունը վերականգնելու` մարդկության հումանիստական պարտավորությունը: Այն հուշում է, որ հետևողական լինելու դեպքում, հատկապես` եվրոպական երկրների կտրվածքով, այդ գործընթացին կարելի է ավելի մեծ թափ հաղորդել:

Դրա համար նպաստավոր քաղաքական պայմաններ են ստեղծել թուրքական ներկայիս իշխանությունները, հատկապես` ապրիլի 15-ի սահմանադրական փոփոխություններից հետո: Դրանով Թուրքիայի իշխանությունները փաստացի հայտարարեցին եվրաինտեգրման կուրսից հրաժարվելու մասին, որը ԵՄ-ի համար Թուրքիան դարձնում է ավելի անկանխատեսելի, անվերահսկելի և վտանգավոր: Թուրքիայի հետ կապված այն շահերն ու ակնկալիքները, որոնք եվրոպական երկրներին խանգարում էին կատարել իրենց պարտքը Ցեղասպանության ճանաչման հարցում, խարխլվել են: Առաջացել է ավելի ազատ գործելու հնարավորություն թե' եվրոպական երկրների և թե դրանցում գործող հայկական շրջանակների համար: Ի դեպ, պատահական չէ, որ 2015թ. հետո Ցեղասպանությունը ճանաչել են հենց եվրոպական երկրներ, որոնք նաև ամենամեծ ներգործությունն ունեն  ԵՄ-ի քաղաքականության մշակման վրա: Սա թույլ է տալիս հուսալու, որ, Եվրոպայից Թուրքիայի օտարմանը զուգահեռ, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կակտիվանա:

Չեխական բանաձևի առանձնահատկությունն այն է, որ ուղղված չէ հայերի ցեղասպանությունը բացառիկացնելուն: Դրա նպատակը ցեղասպանության ճանաչմամբ ու հիշատակմամբ մարդկության դեմ գործվող հանցագործությունների դատապարտումն ու կանխում է: Պատահական չէ, որ նաև ՀՀ արտգործնախարարի հայտարարության մեջ է երախտագիտություն արտահայտվում ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, այլ դրանով ցեղասպանությունների կանխարգելմանը նպաստելու համար:

Բանաձևը նաև կոչ չի պարունակում Թուրքիային՝ ճանաչել պատմական իրողությունները: Ավելին՝ ապրիլի 24-ին նախագահ Զեմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Չեխիայի հայերի հոգևոր առաջնորդ Բարսեղ Փիլավչյանին, որում, կրկին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն որակելով, հավելել է. «Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է  մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում  պատմությունը հաճախ  դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, եւ անցյալի  ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները»:

Ակնհայտ է, որ ինչպես բանաձևում Թուրքիային ուղղված կոչի բացակայության, այնպես էլ Փիլավչյանին ուղղված նամակի այս ընդգծման ենթատեքստը Թուրքիայի կանխատեսելի արձագանքը մեղմելն է: Սովորաբար այն երկրները, որոնք նման դեպքերում փորձում են հարթել  Թուրքիայի սուր արձագանքը, հիշեցնում են այս թեզիսները: Նրանք հասկանում են, որ քաղաքական նկատառումներով Ցեղասպանության ճանաչումը կարող է օգտագործվել Թուրքիայի նկատմամբ պահանջատիրության շրջանակներում:

Տվյալ դեպքում իրավական առումով կարևորը, իհարկե, բանաձևի բովանդակությունն է: Սակայն Զեմանն իր նամակում այնպիսի մի միտք է արտահայտել, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը և ակնհայտ դարձնում, որ իրականում Ցեղասպանության հարցում Չեխիայի դիրքորոշումն ավելի պահանջատիրական է: Իր նամակը, ըստ «Օրեր» ամսագրի (որը նաև կցել է բնագիրը), Զեմանը եզրափակել է հետևյալ նախադասությամբ. «Թույլ տվեք, հայր սուրբ,  Հայաստանում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով  իմ խորին ցավակցությունները հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին,  այլեւ ամբողջ հայ ժողովրդին»։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: 

Գևորգ Դարբինյան