կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 14:12
Տարածաշրջան

Մարդիկ ճարահատյալ լեռնային գազաններ, բույսերի արմատներ էին ուտում

Մարդիկ ճարահատյալ լեռնային գազաններ, բույսերի արմատներ էին ուտում

Հովհաննես Աբրահամյանի վկայությունը

1914թ., Մուշ

 

Ցեղասպանությունը վերապրած Հովհաննես Աբրահամյանը պատմում է, որ Մուշում ու Սասունում թեև կազմակերպել են ինքնապաշտպանություն, գաղթն անխուսափելի է եղել: Երբ պատերազմը սկսվել է, թուրքական կառավարությունը 3 անգամ զորք է ուղարկել զինվորագրման համար, բայց ապարդյուն: Հույսներն իրենց վրա դնելով՝ տեղացիները ՀՅԴ-ից զենք են ստացել՝ որոշելով  կռվել ու պատվով մեռնել: Դրությունն աստիճանաբար անտանելի է դարձել. մարդիկ ճարահատյալ լեռնային գազաններ, բույսերի արմատներ են կերել, շատերը՝ սովամահ եղել:


Տեղեկութիւն սասունցիների որպիսութեան [մասին]

 

Երբ պատերազմն սկսուեց` թիւրք կառավարութիւնը նոյն միջոցներին հայերից զօրք էր ստացած: 1914 թ. միւտիր Տալֆ էֆէնդին մաս մը զօրքով ուղարկուեց մեզ մօտ` զօրք պահանջելու, բայց մենք ժամանակ շահելով` ընդհանրական ժողով ունեցանք և որոշեցինք, որ զօրք չտանք, քանի որ քիւրտ աշիրէթներից զօրք չի առնում, իսկ մեր երիտասարդներին էլ մեզնից հեռացնելով և ուղարկելով կռուի վայրր, ուր տասից մէկը չի վերադառնալու տուն, և ինքն էլ վատ լինելով մեզ հետ, գուցէ հրաման տայ աշիրէթներին կամ իր զօրքին` մնացած ժողովուրդին կոտորելու:

 

Յիշեալ միւտիրը երկրորդ անգամ եկաւ զօրքով: Մշոյ մութասարիֆ փաշայի հրամանովը նրա հետ էր և մեր Առաջնորդական տեղապահ Վարդան վարդապետը, և զօրք պահանջեցին նորէն: Մեր ժողովի նախագահ Մանուկ Շառոյեանը պատասխան տուաւ, թէ զօրք չենք տայ. երբ մեր սահմանների քիւրտ աշիրէթներից զօրք ստացար՝ նոյն միջոցին մենք ևս կը յօժարենք տալ, ապա թէ ոչ` չենք տայ: Ինչէ՞ն կը լինի, որ երկուսս էլ տէրութեան հպատակ ենք, նրանցէն զօրք չէք ստանար և մեզնից խստիւ կը պահանջէք: Վերադարձան: Յիշեալ թուի դեկտեմբերին կրկին գալով յիշեալ միւտիրը, մեզանից մարդ պահանջեց, որ կռուի վայրերը շալակով զօրքին ուտելիք հասցնեն: Չլսեցինք և վերադարձաւ:

 

Այդ տեսակով ձմեռն անցաւ և եկաւ գարունը: Արդէն մենք նկատի ունեցած էինք, որ թուրք կառավարութիւնը առիթ և միջոց գտած է մեզ կոտորելու, օգտուելով այն հանգամանքից, որ բոլոր տէրութիւնները պատերազմի մէջ են: Թէև ցանքսեր սկսած էինք, բայց միուս կողմից Հ.Յ.Դ միջոցով գործելով սպասում էինք զէնքեր և ուժեր ձեռք բերելու, որ գոնէ վրէժներս ստանանք և տղամարդու պէս մեռնենք:

 

Մենք և Հ.Յ.Դաշն. ձեռք-ձեռքի տալով, հոյսներս ուժերիս և բազուկներիս վրայ դնելով լաւ համարեցինք քաջութեամբ մեռնել, քան թէ երկչոտութեամբ գլուխ խոնարհեցնել այդպէս ամբարտաւան մոլորուած ազգին, որ թուլ չէր տար խաչ և կրօն պաշտել:

 

Արդէն կռիւները հետզհետէ սկսած էին: Լսեցինք, որ զօրքը և աշիրէթները յարձակած են Մշոյ դաշտի հայերը կոտորելու, Ուրբաթ օրից սկսած մինչև լուս Կիրակի Վարդավառի օրը, իսկ ազատուածները փախած են Քան ըսուած լերան գագաթները: Եկող Երկուշաբթի լոյսը բացուելուն թնդանօթների գոռումն և հրացաններից ճայթումն սկսած էին Մշոյ հայերի վրայ: Նրանք տեղ-տեղ կռուելով և մօտ 4-5 օր դիմադրելով` նրանց օգնութիւն խնդրելու ձայնը մեզ հասաւ: Իսկույն խմբեր վերցնելով գացինք, մինչև որ հասանք Մշոյ վերի գագաթները: Բայց ցաւալին այն էր, որ տէրութեան բանակները դէմերնիս կտրելով` չկարողացանք անցնել նրանց օգնութեան և իրենք ուժասպառ ըլլալով յաղթուած էին, որը սրով, որը կրակով, որը ջուրը նետելով խեղդուելով: 15000 ժողովրդից հազիւ թէ 200 հոգի գիշերով փախան դէպի մեզ և ազատուեցան: Կռիւները չորս կողմից օրըստօրէ կը շարունակուէին: Մեր ժողովուրդը ամփոփած էինք Անտոք, Գեբինի, Միճէլնիի ստորոտները:

 

Աւա~ղ, որ դրութիւններս ցաւալի և վիճակներս անտանելի է եղել, նախ մանաւանդ ուտեստի մասին: Անպատմելի է կերած սնունդներս, որ եղած է լեռնային գազանների միս, որ է գայլի, աղուէսի, կատուի, նապաստակի, թռչուններից` անծեղ և ինչ որ պատահած է, երկրորդ ամառը, կռուի ժամանակ մորթած ոչխարի, տաւարի գլուխ, ոտքեր և մորթեր, որ թափած էին գետին, գնացած ենք յիշեալ տեղերից երեք արշին ձիւնը թափ տալով բերած, փշրած, տաքացնելով կերած: Երրորդ` կրկին ձիւնը թափ տալով, չորացած խոտ և նրանց արմատները բերելով, կերակրուած ենք: Բայց այնպէս սով տիրեց ժողովրդին, որ գրեթէ մաս մը սովէն կոտորուաւ: Սա ձևի ալ ենթարկուած ենք, որ քանիներ իսկ մեռած մարդու միս ուտելով մի շաբաթ յետոյ նրանք ալ մահացած են:

 

Բայց անիրաւ թիւրք կառավարութիւնը ատոր վրայ ալ չթողնելով՝ կրկին տեղերս լրտեսելով, ատենէ ատեն զօրք կուղարկէր մեզ վերայ` կոտորելու, բայց մենք յաջողուելով կը քաշուէինք լեռները և դիրքերը` դիմադրելու: Նրանք որ չէին կարողանար ձիւնի վրայ կենալու` ետ կը վերադառնային:

 

Բազում չարչարանքներից հետո մենք գաղթեցինք Խնուս: Արդեն այնտեղից սկսած մեզ օգնութեան հասաւ ուտեստ, ալիւր, շաքար և ճանապարհորդեցինք մինչև հասանք Ալեքսանդրապոլի Շորակեալի գիւղերը տեղաւորուելու:

 

ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 150, թթ. 1-8 շրջ., բնագիր, ձեռագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 28 – 35:

 

 

Աղբյուրը՝ armeniangenocide100