Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվա Մանուկի Չուլյանի վկայությունը
1903 թ., Զեյթուն, Այկըցա գյուղ
Եվա Չուլյանը Զեյթունի Այկըցա գյուղից է: 1915 թվականի ջարդից ու տեղահանությունից հետո այդ գյուղից միայն նա է ողջ մնացել: Նա պատմում է, որ Դեր Զորում մի հորի մեջ բոլորին մերկացրել են, մեկի ձեռքն են կոտրել, մյուսի` ոտքը, մորթել, կոտորել են: Մի կողմից`սոված էին բոլորը, մյուս կողմից` արյան հոտ էր գալիս: Ողջերը սկսել են մեռածների միսն ուտել: Հետո մի արաբ հովիվ նրան տարել է գերմանական որբանոց, իսկ 1946-ին նա եկել է Հայաստան:
«1915 թվականի ջարդի ու տեղահանության ժամանակ ես պզտիկ չոջուխ էի, կհիշեմ, Զեյթունեն դուրս եկանք, մեր գյուղը Զեյթունի Այկըցա գյուղն էր: Մայրս շատ սիրուն կնիկ էր: Հինգ զավակի տեր էր, ամա բոլորին կորցրեց, վերջն ալ ինքը մեռավ…: Մեր գյուղեն միայն ես եմ մնացել ողջ: Թուրքերը էկան բոլորին գյուղեն հանեցին: Խամշիով (մտրակ – թուրք.) կմխտեին, որ քայլենք: Բոլորին ձեռքերը ետևները կապած տարին լեցուցին ղշլաղի պես բարձր տեղ մը: Մեջը ղամայով ու բալթայով մեկի ձեռքը, մյուսի` ոտքը, մյուսի` թևը ջարդեցին: Մեզի մերկացուցին, մորե մե՜րկ… չը՜ս-չըլբախ էինք, ո՛չ վարտիք, ո՛չ շապիկ: Ետևնիս մի պզտիկ տղա թևը կտրված` մորն էր կանչում, ամմա մայրը մեռած էր արդեն բալթայով: Ադ տեղը Դեր Զորն էր: Ցու՜րտ էր սաստիկ, իրար վրա էինք պառկում, որ տաքանանք: Առավոտյան եկան, նորեն թոփեցին մեզի, նորեն սկսան ջարդել և ջուրը լցնել. մաղարային տակեն Խաբուր գետն էր գնում:
Մեկին` գլուխը, մյուսին` ոտքը, մեկալին` ձեռքը կտրեցին, փրթեցին, ամենքին ալ գետնին իրար վրա լեցուցին: Մարդ կա` չէ՛ մեռած, ամմա` ջնջխված է, մեկը` կուլա՜, մյուսը` կծվա՜, արյունին հո՜տը` մեկ կողմեն, անոթությու՜նը` մյուս կողմեն: Ալ ողջերը սկսան մեռածներուն միսը ուտել…: Ովքեր հրաշքով ողջ էին մնացած` լեշերու տակեն դուրս էին էլեր. փրթված մարդոց տակերեն, արյուններուն մեջեն դուրս էլեր էին, ադ հորին մեջ կանալիզացիայի ճամփան գտել էին, սկսել էին քայլել: Ով ադ փիս-փիս ջուրերը խմել էր, փորերը ուռան` մեռան: Ետքը ես լույս աշխարհ էլա, սկսա քալել: Մարդ-մարդազանք չիկա, մեյ մըն ալ արաբ հովիվ մը տեսա, մոտեցա: Ան ինձի մեղքցավ, կաթ տվեց` խմեցի, վերջն ալ իր չադըրը տարավ, ուտելիք տվավ` կերա: Անտեղ քիչ մը դինջացա, ինքզինքս գտա: Վերջը ան ինձի Մարաշ տարավ: Ինձի ալ Մարաշի գերմանական որբանոցը տվավ: Ես հոն սովորեցա: 1921-ի իրարանցումի ժամանակ Հալեպ եկանք: 1946-ին ալ Հայաստան եկանք, ինչե՜ր են տեսել աս աչքերս, ո՞նց չեն քոռացել աս աչքերս»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 255, էջ 457:
Աղբյուրը` armeniangenocide100