Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արգենտինական «Լա Ռամոն» թերթը 1915 թ. փետրվարի 17-ի իր համարում անդրադարձել է հայ փախստականներին առաջինը օգնության ձեռք մեկնած հայ կանանց: Հոդվածը վերնագրված է «Հայ կանայք»:
«Հայ կանայք առաջիններից էին, որ իրենց աջակցությունը բերեցին հասարակական բարեգործական նախաձեռնություններին, հայ կարիքավոր փախստականներին: Նրանք բնակվում են թուրքական բռնություններից դեռեւս զերծ քաղաքներում, ոգեկոչում են պայքարել ընդդեմ իրենց կրոնը և օջախները ավանդաբար բնաջնջող թուրքի:
Սակայն նրանց մարտական ոգին իր արտահայտությունն է գտնում առավել շոշափելի ասպարեզում, քան ռազմաշունչ երգերն ու կոչերն են: Այսպես` Կարսում բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որի նպատակն է զինվորների և վիրավորների համար հագուստ ապահովելը: Կարսում 20.000 բնակիչ կա, ուստի, անշուշտ, բարեգործական նախաձեռնության մասնակիցների շնորհիվ շուրջ երկու երկաթուղային վագոն հագուստ է հավաքվել: Ավելին` փախստականների կարիքները հոգալու նպատակով առձեռն տրամադրված հանգանակությունների շնորհիվ հավաքվել է շուրջ 3.000 ռուբլի: Անդրանիկ նախաձեռնությունը տևել է երկու շաբաթ: Հավաքագրվել է 20.000 ռուբլին գերազանցող դրամական հանգանակություն, իսկ նվիրաբերված ծածկոցներով և հագուստներով լցվել են տեղի առևտրային և սպասարկման կետերը, որոնք ժամանակավորապես վերածվել են բարեգործական միջոցների պահեստների:
Բարեգործական հանգանակությունների հավաքագրման գործում առանձնակի ակնածանքի է արժանի ոսկեղենի նվիրաբերումը, որը հայ կանանց անձնվիրության առհավատչյան է: Բարձր հասարակական դիրքի տեր տիկնայք առաջինը նվիրաբերեցին իրենց պատկանող ողջ ոսկեղենը, և այդ օրինակն արագ տարածում գտավ այլ կանանց շրջանում, որոնք առանձնակի արժեքավոր զարդեր չունեին, ուստի բարեգործական օժանդակության նպատակով հանձնեցին իրենց ամենօրյա համեստ պճրանքի իրերը՝ ականջօղերն ու քորոցները:
Ալեքսանդրապոլում հանգանակությունը հավաքագրողների առջև հայտնվեց մի 80-ամյա տարեց կին՝ միակ կենդանի մնացած շունչն իր ընտանիքի, որը մահմեդական խաժամուժի կողմից կազմակերպված` քրիստոնյա բնակչության բազմաթիվ ջարդերի զոհ էր դարձել: Կնոջ անունը Մարո էր, իսկ նրա համբավն արագ տարածում էր գտել ողջ Հայաստանով մեկ, քանզի տարիների ծանրությունից կքած, սակայն դեռ վառ հիշողության տեր այդ կինը հիշում է ջարդերի բոլոր ողբերգական տեսարանների մանրամասները, որոնց նա ականատես ու երբեմն էլ զոհն էր եղել:
Կամավորների առաջին գումարտակը, որ դուրս էր գալիս քաղաքից, ռազմաքայլ անցավ Մարոյի առջևով՝ երդվելով վրեժ լուծել բազմաթիվ հայերի կոտորածների համար»:
Աղբյուրը` armeniangenocide100.org