կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 16:35
Մշակույթ

«Bсе мы бабы стервы». մանրամասներ Իրինա Ալեգրովայի հայաստանյան համերգի և Հայաստան այցի մասին

«Bсе мы бабы стервы». մանրամասներ Իրինա Ալեգրովայի հայաստանյան համերգի և Հայաստան այցի մասին

«Bсе мы бабы стервы, но стервы не бывают дурами». դեռ 2012-ին հայաստանյան համերգի ժամանակ սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան նման կարծիք հայտնեց, երբ զրուցում էր հանդիսատեսի հետ: Այդ երգի կապակցությամբ հարցազրույցներում մշտապես հարցնում են երգչուհուն, թե ինչու է այդկերպ արտահայտվում կանանց մասին, իսկ նրա պատասխանը միշտ նույն է. «Ավելի լավ է լինել «լաչառ», քան հիմար»:

 

Հայաստանյան համերգի օրը շատերը, չնայած համերգից ստացած տպավորություններից, տխուր էին` հայտարարվել էր, որ Ալեգրովան 2012-ի համերգաշրջանով ունկնդրին հրաժեշտ է տալիս: Երկու տարի անց, սակայն, պաշտոնապես հայտարարվեց Ալեգրովայի` Հայաստանում համերգով հանդես գալու որոշման մասին: Համերգը տեղի կունենա մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպել է Forpostart prodaction-ը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Մարիա Ղուկասյանը նշեց, որ այս տարիներին երգչուհու ունկնդիրները նամակներով, սոցցանցի միջոցով դիմել են երգչուհուն և համերգներ «պահանջել», իսկ երգչուհին որոշել է ընդառաջ գնալ հանդիսատեսի խնդրանքին:

 

«Նա համերգի ժամանակ նաև մի արտահայտություն արեց, թե` այսուհետ ես երգելու եմ իմ նախընտրած երաժշտությունը, կներեք, բայց մի քիչ էլ ուզում եմ երգել ինձ համար: Ուստի, նա որոշեց այսուհետ հանդես գալ համերգով և համերգային ծրագիրն անձամբ կազմել` հաշվի առնելով նաև հանդիսատեսի ցանկությունը: Նշեմ նաև, որ հայաստանյան համերգին 5 երգի պրեմիերա կլինի»,- ասաց Ղուկասյանը:

 

Համերգի կազմակերպիչները, նկատի ունենալով հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակը, որոշել են այս անգամ մեծաքանակ էժան տոմսեր վաճառել, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն դրանք ձեռք բերել: «Ուսումնասիրելով Հայաստանում սոցիալական վիճակը, աշխատավարձերը` դահլիճի 60-70 տոկոսը մատչելի տոմսերով կկարողանա ներկա լինել համերգին: Կան համերգներ, որոնք միգուցե քեզ շահույթ չեն բերում, բայց կարևորը տվյալ նախագիծըի կյանքի կոչելն է լինում»,- ասաց Ղուկասյանը:

 

Հարցին, թե արդյո՞ք համերգին շոու կլինի, նա պատասխանեց, որ կան արտիստներ, որոնց` բեմի վրա լինելն արդեն իսկ շոու է. «Եթե նկատել եք` նա համերգների ժամանակ կարծես զրուցի հանդիսատեսի հետ և բեմի վրա հանկարծ այնքան խորիմաստ արտահայտություն կարող է անել, որը մի ամբողջ շոու արժե»:

 

Ալեգրովան, Ղուկասյանի հավաստմամբ, այն արտիստների թվին է դասվում, որոնց հետ աշխատելն ուղղակի հաճույք է: Ալեգրովայի հետ աշխատելը ստեղծագործական ջիղ է պահանջում:

 

Հայտնի է, որ Ալեգրովան շատ է սիրում ազգային ճաշատեսակներ և բավական քմահաճ է իրեն մատուցվող կերակրի նկատմամբ: Ղուկասյանը նշեց, որ, այո, երբ մարդն ունի համի ճիշտ զգացում և խոհանոցում ստեղծագործելու ձիրք, նա շատ քմահաճ է լինում: «Երբ համային համադրությունները ճիշտ ես հասկանում, քմահաճ ես լինում: Ալեգրովան ռեստորաններից օգտվել չի սիրում, մասսայական կերուխումները նույնպես նրա համար չեն: Նրան բացառապես հետաքրքրում են հայկական ուտեստները` տոլման, իշխան ձուկը, պահածոները… Մենք նրան չենք կարող զարմացնել իտալական որևէ ուտեստով, Ալեգրովային կհյուրասիրենք արևի համ տեսած մեր մթերքներից պատրաստված ազգային ճաշատեսակներով»,- ասաց Ղուկասյանը` հավելելով, որ արտիստներ կան, որ, Հայաստան գալով, իտալական կամ չինական ռեստորան են նախընտրում, իսկ Ալեգրովան սիրով փորձում է հայկական ուտեստները, այն էլ` տանը պատրաստված: «Օրինակ` 2012-ին, երբ համերգից հետո ռեստորաններից մեկում պետք է ճաշեինք, մեր բաղադրատոմսով պատրաստվեց ձուկ, որն էլ մատուցվեց նրան, որը նրան շատ գոհացրեց: Նա, ի դեպ, գրի է առնում ազգային ճաշատեսակների բաղադրատոմսեր՝ տանը պատրաստելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Ղուկասյանի հավաստմամբ` երգչուհու հետ աշխատելիս լարվածություն չի ստեղծվում, քանի որ երբ ապահովում ես այն մինիմալ պահանջները, որ նա ուզել է, հաջորդը, որ նա պետք է պահանջի, խնդրում է:

 

Ի դեպ, համերգին սպասվում են նաև անակնկալներ: