կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-24 12:55
Մշակույթ

Իրինա Ալեգրովայի` երկար սպասված համերգը կայացավ. երգչուհին Ոսկե մեդալով պարգևատրվեց

Իրինա Ալեգրովայի` երկար սպասված համերգը կայացավ. երգչուհին Ոսկե մեդալով պարգևատրվեց

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը: Հիշեցնենք, որ այն երկու անգամ արդեն իսկ հետաձգվել էր և մեծ աժիոտաժ ստեղծել:

 

Առաջին կատարումից հետո երգչուհին հանդես եկավ մի փոքր խոսքով` պարզաբանելով, թե ինչու էին մինչ այս հետաձգվում համերգները: «Դե, ես էլ եմ մարդ, հիվանդացել էի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բժիշկներին, Աստված նրանց առողջություն տա: Ես շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր հավատացին ինձ»,-ասաց երգչուհին:

 

Նշենք նաև, որ 2012-ին երգչուհին հայտարարել էր, որ ցանկանում է հրաժեշտ տալ բեմին, և ողջ տարին հանդես եկավ տարբեր երկրներում` իր հանդիսատեսին հրաժեշտ տալով: Նոյեմբերի 21-ին երգչուհին համերգով հանդես եկավ Հայաստանում: Ալեգրովան, երեկ համերգի ժամանակ խոսեց նաև այս մասին` նշելով, որ այդ ժամանակ իրեն թվացել է, թե ամեն ինչ ասված է, ամեն ինչի մասին երգված.«Բանն այն է, որ վերջին երեք տարվա ընթացքում ձեր շնորհիվ հասկացա, որ մի քիչ շուտ եմ նման որոշում ընդունել: Ես ինձ ուղղված նամակներից հասկացա` դուք դեռ սպասելիքներ ունեք ինձնից»:

 

Ի դեպ, Ալեգրովան նշեց, որ հայկական ընդունելությունը փաստում է այն մասին, որ իրեն սպասում են այստեղ և խոստացավ կրկին համերգով հանդես գալ, ինչպես ինքը նշեց` իր պատմական հայրենիքում:

 

Նշենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը երգչուհուն հանձնեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ մշակույթում ունեցած մեծ ավանդի և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար: