կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 15:28
Մշակույթ

Հանգամանքները մեզնից ուժեղ գտնվեցին. Ալեգրովայի համերգը ևս մեկ անգամ հետաձգվեց

Հանգամանքները մեզնից ուժեղ գտնվեցին. Ալեգրովայի համերգը ևս մեկ անգամ հետաձգվեց

Իրինա Ալեգրովայի հետաձգված համերգը ևս մեկ անգամ հետաձգվեց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգի կազմակերպիչ Forpostart ընկերության մոսկովյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը նշեց, որ համերգը տեղի կունենա ոչ թե ապրիլի 6-ին, այլ` մայիսի 23-ին:

 

Կազմակերպիչների հավաստմամբ` պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն են, որոնք ապրիլ ամսին շատ-շատ են լինելու: Ինչ վերաբերում է ի սկզբանե հայտարարված համերգի /մարտի 6/ հետաձգմանը, ապա Տոլստելևի տեղեկացմամբ` պատճառը, ինչպես և հայտնել էին, երգչուհու առողջական վիճակն էր:

 

«Նա մարտի 5-ին ժամանել էր Հայաստան, տեղավորվել հյուրանոցում: Մարտի 6-ին նա արդեն իրեն վատ էր զգում, բայց որոշել էր համերգին ներկայանալ: Սակայն համերգից մի քանի ժամ առաջ զանգահարում է ինձ և ասում, որ իրեն լավ չի զգում: Այցելում ենք նրան և տեսնում, որ ջերմությունը 39,5 է հասնում: Բժիշկ են կանչել, կաթիլային են միացրել, ի դեպ, նա արդեն համերգային հագուստով էր»,-ասում է Տոլստելևը:

 

Նա նշեց նաև, որ լուրերը, թե համերգի կազմակերպիչները չեն կարողացել վճարել երգչուհու հոնորարը, որի պատճառով էլ հետաձգվել է համերգը, ապատեղեկություն են` երգչուհու հոնորարի 50 տոկոսը վճարվել էր դեռ 6 ամիս առաջ` ինչպես լինում է սովորաբար:

 

«Առհասարակ, 6 ամիս առաջ է լուծվում այդ հարցը և երբ համերգը կազմակերպող ընկերությունն ու արտիստը գալի են համաձայնության, 24 ժամվա ընթացքում պետք է փոխանցվի արտիստի հոնորարի 50 տոկոսը, իսկ 50 տոկոսը վճարվում է համերգից մեկ ամիս առաջ: Այնպես որ, պետք չէ հերյուրանքներ տարածել: Մենք ներողություն ենք խնդրում, բայց դեպքերն այդպես դասավորվեցին»,-ասում է Տոլստելևը:

 

Ինչ վերաբերում է համերգի տոմսերը հետ վերադարձնելուն, ապա, կազմակերպիչների հավաստմամբ, տոմսերը կարող են հետ վերադարձնել` [email protected] էլեկտրոնային հասցեին գրելով և ուղղակի նշելով իրենց տեղերը: Հսկողությունը, Տոլստելևի համոզմամբ, գալիս է նրանից, որ շատերը, ում իրենք հրավիրատոմս են տվել, փորձում են առիթից օգտվել և վաճառել դրանք` այդ պատճառով էլ տոմսարկղերում հնարավոր չէ տոմսերը հետ վերադարձնել.«Գիտեք` 1-2 դեպք չի եղել, որ ասենք` լավ, ոչինչ, շատ-շատերն են փորձում առիթից օգտվել, դրա համար էլ նրանք, ովքեր իրոք տոմս են գնել և ուզում են հետ վերադարձնել` կարող են ուղղակի իրենց տեղերը նշելով` հետ վերադարձնել դրանք»:

 

Ի դեպ, երգչուհին տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին, որտեղ էլ ներկայացնում է, թե ինչու հետաձգվեց իր համերգը:

 

Մանրամասները` տեսանյութում: