Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը կոշտ շեշտադրումներով ելույթ ունեցավ Ծառուկյանի մասին, ՀՀԿ պատգամավորները լրագրողների հետ զրույցում նշեցին իրենց տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ելույթը, նշեց. «Ձեզ համար գաղտնիք չէր, որ երկար ժամանակ մենք արհեստականորեն առօրյա խոսակցություններում, քաղաքական ելույթներում փորձում ենք դրսևորել հանդուրժողականություն: Սակայն հանդուժողականությունը կարելի է դրսևորել մինչև մի աստիճան, երբ որ դիմացինը անցնում է Ռուբիկոնը` գիտակցելով կամ չգիտակցելով: Երկու դեպքն էլ վատ է և խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության իրական ընկալման բացակայության մասին: Մենք այսօր հերթական անգամ ասացինք այն, ինչը բոլորը գիտեին: Ժամանակն է պարզեցնել Հայաստանի քաղաքական դաշտը և թողնել բացառապես քաղաքական դերակատարներին, այն մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ բան է քաղաքականությունը, ովքեր կարող են վաղը, մյուս օրը երկիր ներկայացնել, բանակ կառավարել, թողնել նրանց, ում տարրական կրթական ցենզը ներում է չլինել «Դոդի Գագո», այլ լինել «պարոն էսինչյան»: Սա միայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը չէ, սա Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է: Տրվել են գնահատականներ, տրվել են գնահատականներ այն ամենին, ինչը շաղախված է տգիտությամբ, շանտաժով, փուչ ելույթներով ու դատարկամտությամբ: Չափից դուրս ենք եղել հանդուժողական, չափից երկար ենք եղել հանդուրժողական, կարծել ենք, թե մարդիկ կփորձեն գոնե այս տարիների ընթացքում լրացնել տարրական գիտելիքների բացը, որը ցուցաբերում են բացարձակ տգիտությամբ` բոլոր հարթակներում»:
Հարցին, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցությունում չկան մականունավոր քաղաքական գործիչներ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Իրենք կուսակցություն չեն ղեկավարում, իրենք չեն արտասանում տեքստեր` առանց հասկանալու, հետո հորանջում, քնում»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն այդպիսի մարզպետ ունի, Աշոտյանը պատասխանեց. «Ուրեմն Ծառուկյան Գագիկի մակարդակը մարզպետի մակարդակն է, երևի դա՞ եք ուզում ասել»:
Լրագրողները հետաքրքրվեցին. «Ձեր համբերության բաժակը լցվե՞լ է»: «Իմ համբերության բաժակը վաղուց էր լցվել, կուսակցության համբերության բաժակն այսօր լցվեց»,- պատասխանեց Աշոտյանը: