կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 13:31
Քաղաքական

Պետք է կրճատել բիզնեսում բյուրոկրատական քաշքշուկները, նվազեցնել թղթաբանությունը. Հովիկ Աբրահամյան

Պետք է կրճատել բիզնեսում  բյուրոկրատական քաշքշուկները, նվազեցնել թղթաբանությունը. Հովիկ Աբրահամյան

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում ձևավորված մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն պարզեցնել  բիզնեսի ու քաղաքացիների հարաբերությունները պետության հետ:

 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացի փոխարեն սահմանել նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ և հաշվառումը մերժել միայն պետական տուրքը չվճարելու դեպքում: «Առաջարկվում է նաև հանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը»,- ասաց Եղիազարյանը:


Հովիկ Աբրահամյանը ողջունեց նախագծերի ընդունումը` ընդգծելով, որ գործադիրը հնարավորինս պետք է գնա պարզեցման: «Պետք է  շարունակել այս մոտեցումը, որպեսզի հնարավորինս պարզեցվի բիզնեսը, պետք է կրճատել  բյուրոկրատական քաշքշուկները, նվազեցնել թղթաբանությունը: Դա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:


Մեկ այլ առաջարկով` հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար այլևս պարտադիր չի լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին, օրինակ՝ ուսանողներին, կարճաժամկետ՝ սեզոնային աշխատանք կատարել: