կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 15:25
Տնտեսական

Բյուրոկրատական քաշքշուկները կկրճատվեն

Բյուրոկրատական քաշքշուկները կկրճատվեն

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ ստեղծելու և տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման մասին» ՀՀ նախագահի հրամանագրին։

Մասնավորապես` նախատեսվում է գործարար միջավայրը և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, հաստատել Արդյունավետ կառավարման օրակարգ։

ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականը, արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները։

Ընդունված որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Պայմանականորեն մենք սա անվանում ենք գիլյոտինի համակարգ։ Ստեղծվող խումբն ըստ ոլորտների անցնելու է բիզնես գործընթացներով։ Մենք կրճատելու ենք այդ բիզնես գործառույթները՝ նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, ավելորդ գործառույթները, կրկնությունները, անիմաստ թույլտվությունները։

Ծրագրում ենք, որ բյուրոկրատական գործառույթներն առնվազն 30 տոկոսով կկրճատվեն։ Այս ոլորտում կա միջազգային հարուստ փորձ, աշխատել ենք միջազգային փորձագետների հետ, իսկ էկոնոմիկայի նախարարությունը բանակցություն է վարել դոնորների հետ։ Տեղի է ունեցել վերջիններիս հավաքը, որը քննարկել է այս հայեցակարգը, և մենք ստացել ենք միջազգային կազմակերպությունների աջակցությունը, նաև գրանտային միջոցներ, որպեսզի նորաստեղծ կառույցն ունենա ֆինանսավորում ու լիակատար կերպով սկսի իրականացնել այս միջոցառումը։

Եթե երկարաժամկետ հեռանկարով դիտարկենք այս խնդիրը, ապա սրա արդյունքում անհրաժեշտություն է լինելու կրճատել պետական ապարատը, ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները և մատուցվող ծառայությունները։ Իհարկե, սրա արդյունքում կբարձրացվի աշխատանքի որակը, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Սա արմատական բարեփոխումներ իրականացնելու լավագույն գործիքներից մեկն է լինելու»։