կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-17 17:29
Հասարակություն

Ինչ կփոխվի բիզնեսում Ներսես Նազարյանի պաշտոնանկությամբ

Ինչ կփոխվի բիզնեսում Ներսես Նազարյանի պաշտոնանկությամբ

Բիզնեսի հետ սերտաճած կամ Հայաստանի բիզնես միջավայրի վրա էական ազդեցություն ունեցող պաշտոնյաներից մեկն էլ համարվում էր օրերս զբաղեցրած պաշտոնից հեռացված Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

 

Բացի «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցից, որի սեփականատերը նրա որդին է, Ներսիկ Նազարյանի անունը բազմիցս շրջանառվել է տարբեր բիզնեսների հովանավորչություն անելու առումով, օրինակ` կերամիկա ու սանտեխնիկա Հայաստան ներկրմանը, «Իդեալ» սանտեխնիկայի խանութների ցանցին եւ այլն: Մամուլում շրջանառվում էին նաեւ տեղեկություններ, որ Նազարյանի ընտանիքի՝ Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողության է մատնվել:

 

Նույնիսկ ՀՀ ոստիկանությունը, երբ Ներսես Նազարյանին պաշտոնից ազատելու հնարավոր պատճառի մասին «Հայկական ժամանակ»-ի հրապարակման կապակցությամբ պարզաբանում տարածեց, դրանում նշում էր. «Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա»: Այսինքն` նույնիսկ ոստիկանությունն է իր պաշտոնական հաղորդագրությամբ բացահայտ վկայում Ներսես Նազարյանի եւ բիզնեսի «թեթեւակի» կապերի մասին:

 

Մեկ բան ակնհայտ է` Ներսիկ Նազարյանն այլեւս Երեւանի ոստիկանապետը չէ, այսինքն` այլեւս չի զբաղեցնում ազդեցիկ պաշտոն: Սա նշանակում է, որ նա անձամբ չի կարողանալու հովանավորել որոշ գործարարների: Նման պարագայում, սովորաբար, լինում է հնարավոր զարգացումների երեք տարբերակ: 

 

1. Շուկան, ազատվելով վարչա-հովանավորչական միջամտությունից, ազատականացվում է, գործում են իրական շուկայական հարաբերություններ ու ծաղկում, զարգանում են շնորհալի բիզնեսմեններն ու «տակ են տալիս» ապաշնորհները:

 

2. Նախկին հովանավոր պաշտոնյան, պահպանելով անձնական կապերը դեռեւս պաշտոնավարող ընկերների հետ, կարողանում է շարունակել հովանավորել այս կամ այն սուբյեկտին, թույլ չտալ շուկայում փոփոխություններ` չնայած դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ հովանավորյալներն ուղղակի առաջին իսկ հնարավորության դեպքում գործող, ավելի «ապահով» ու կարող հովանավոր են գտնում:

 

3. Նախկին հովանավոր չինովնիկի «ընկնելուց» հետո նոր չինովնիկները փորձում ու կարողանում են նրանից խլել նախկին բոլոր կապերը, բիզնեսներն ու ազդեցության ոլորտները եւ «նախկինին» դուրս են մղում այդ ոլորտներից:

 

Այստեղ հատկանշական է մեկ հանգամանք` նույն Ներսես Նազարյանը, ինպես բազմիցս ասվել է, համարվում էր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հովանավորյալը: Եթե հաշվի առնենք խոսակցությունները, որ իշխանական ճամբարում ուժերի վերադասավորումներ են ընթանում, եւ իշխանական բուրգից դուրս է մղվել Հայրապետյանը, ապա բնական ու հատկանշական էր նաեւ Ներսես Նազարյանի հեռացվելը պաշտոնից:

 

Իսկ նման դեպքերում, սովորաբար, եթե այդպիսի պաշտոնանկություններն ու վերադասավորումներն ուղղված չեն երկրում իրական բարեփոխումներ կատարելուն, համակարգերը օլիգարխիկ, վարչա-հրամայական երեւույթներից մաքրելուն եւ ազատ շուկայական հարաբերությունների անցնելուն, նախկին պաշտոնյայից խլվում են դիրքն ու բոլոր լծակները, նրա տնօրինած միջոցներն էլ «փայբաժան» են արվում ավելի հզոր կամ նոր իրենց դիրքերն ամրապնդող «հովանավորների» միջեւ:

 

Թե ո՞ր սցենարը կզարգանա Հայաստանում, կտեսնենք մոտ ապագայում, բայց այն, որ ականատես ենք լինելու հետաքրքիր վերադասավորումների, ակնհայտ է:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ