կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 13:40
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը շատ կցանկանար նվազեցնել ամուսնալուծությունների թիվը

Հովիկ Աբրահամյանը շատ կցանկանար նվազեցնել ամուսնալուծությունների թիվը

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծ, ըստ այդմ` տարեսկզբին սահմանվել էր ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայականներ, սակայն, վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը:

 

Արդարադատության նախարարի հիմնավորմամբ`  քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավականացնում, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ օգտագործվել են ավելի քիչ, քան նախատեսված էր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից:

 

Առաջարկվում է  կրճատել արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ և  կրճատման արդյունքում ընդհանուր գումարից 1114.2 հազ. դրամը նպատակաուղղել ամուսնալուծության վկայականների տպագրման ավելացմանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց նախարարին. «Հասկացա, որ ամուսնալուծությունները շատացել են, հա՞, պարո'ն Մանուկյան»:


Արդարադատության նախարարը սկսեց պաշտպանվել, թե դա իրենց խնդիրը չէ:


«Չեմ ասում ձեր գործն է, հակառակ իմաստով` կարելի է այնպես անել, որ ամուսնալուծությունների թիվը նվազի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, ապա դիմեց սոցիալական հարցերի նախարարին. «Սոցիալական հարցերի նախարարը թող մի հատ վերլուծություն անի, հասկանանք, թե ինչումն է խնդիրը»: Ապա վարչապետը ծիծաղեց իր ասածի վրա: