|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից խնդրեցին դիրքորոշում հայտնել Գյումրու ժողովրդական հուզումների մասնակից Մնացական Ալեքսանյանի ձերբակալության վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Գյումրիի սպանդը միայն իրավական հարթության հարց չէր, այլ ազգային անվտանգության, բարոյականության ու արժանապատվության հարց: Ինչ վերաբերում է երիտասարդի ձերբակալությանը, նա նշեց. «Դատապարտում ենք: ԱԺ-ն պետք է ականջալուր լինի չորս քաղաքական ուժերին և կրկին փակ ռեժիմով լսումներ կազմակերպի այդ խնդիրների վերաբերյալ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ցավում է, որ գլխավոր դատախազն իր առաջին հայտարարությամբ կրքեր բորբոքեց ու խառնաշփոթ առաջացրեց Գյումրիում, հիմա էլ ուզում են շտկել իրավիճակը: Ըստ պատգամավորի` հետո այդ արդարացի դժգոհությունն անկառավարելի դարձավ, և եղան բռնություններ, որոնք ՀՅԴ-ի համար անընդունելի են: «Դատապարտում ենք: Գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց կողմ ենք, որ ԱԺ-ն, իր լիազորությունը կիրառելով, ուշադրության կենտրոնում պահի այդ հարցերը, և թույլ չտանք, որ որևէ մեկը հանիրավի պատժվի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ՕԵԿ-ական, գյումրեցի Հովհաննես Մարգարյանը նշեց. «Ես այսօր գնալու եմ Գյումրի: Այդ գիշեր, երբ բախումներ եղան, մեզ հաջողվեց հասնել նրան, որ որևէ քաղաքացու չձերբակալեն: Ես անձամբ զբաղվելու եմ այդ հարցերով: Եթե քաղաքացին որևէ մեղք չունի ու արդարացի պահանջով է ցույց արել, և եթե այս մոտիվացիայով է ձերբակալվել, դա անընդունել ու դատապարտելի է»: Ուշագրավ է, որ թեեւ ՕԵԿ-ական պատգամավորն ասում է, որ այդ օրը Գյումրիում է եղել, բայց նրան որեւէ մեկն այդպես էլ չի տեսել կամ լսել: