կարևոր
4270 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-07 17:17
Քաղաքական

«5-րդ ալիքը» դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի ագրեսիվ պահվածքը հեռուստաընկերության լրագրողի հանդեպ

«5-րդ ալիքը» դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի ագրեսիվ պահվածքը հեռուստաընկերության լրագրողի հանդեպ

««5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (հանրության մեջ հայտնի որպես՝ «Գրզո») ագրեսիվ և պատգամավորի տարրական էթիկայի նորմերին հակասող պահվածքը մեր հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ։

«Կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցը թիրախավորելու վիրավորական հռետորաբանությունից և պահանջում՝ կեղծ տեղեկություններ չտարածել: Այսօր՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը, դիտավորությամբ խոչընդոտելով «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի մասնագիտական գործունեությունը, գոռգոռալով և անընդունելի հռետորաբանությամբ, նույնիսկ թույլ չի տվել լրագրողին ավարտել հերթական հարցը:

Էթիկայի կանոնների խախտմամբ և տղամարդուն ոչ հարիր վարքագծով իրեն թույլ է տվել նաև վիրավորական արտահայտություններ լրագրողի և լրատվամիջոցի հասցեին և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդումներ արել հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին:

Չնայած հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունը մշտապես եղել է թափանցիկ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ «5-րդ ալիքի» հիմնադիր «Շարկ» ՍՊԸ-ի սեփականատերը գործարար Արմեն Թավադյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում դեռևս 2000-ականների սկզբից: Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է նրա միջոցների և գովազդային մուտքերի հաշվին:

«5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խ. Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին: Իսկ մինչ այդ, պատգամավորի անընդունելի վարքագծի վրա ենք հրավիրում լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը»,- ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ: