|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը.
«Հայաստանում ականատես ենք լինում պետական մակարդակով կազմակերպված հանցավոր արշավի՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններն ու սանձարձակ քայլերը այլևս բացահայտ ոտնձգություն և հարձակում են մեր ազգային-հոգևոր ողնաշարի դեմ։
Սա անթաքույց փորձ է՝ ենթարկեցնել դարավոր կառույցը և հաստատել տոտալ վերահսկողություն հոգևոր կյանքի նկատմամբ։
Մենք արձանագրում ենք՝ գործադիր իշխանությունը թքած ունի Սահմանադրության վրա։ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որը արգելում է պաշտոնյաներին դուրս գալ իրենց լիազորությունների շրջանակից, այսօր ցուցադրաբար ոտնահարվում է։ Սա պարզապես օրենքի խախտում չէ, սա իշխանության յուրացում է, ինչը հղի է բռնապետական կարգերի հաստատմամբ։ Երբ պաշտոնյան իրեն վեր է դասում օրենքից և Եկեղեցուց, մենք գործ ունենք սահմանադրական կարգի տապալման փաստացի գործընթացի հետ (ՀՀ ՔՕ 420-րդ հոդված)։ Իրավական նիհիլիզմը հասել է գագաթնակետին․ պետական այրերը իրենց պահում են ոչ թե որպես ծառայողներ, այլ որպես ամենաթողության մատնված «տերեր»։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սոսկ կրոնական կառույց չէ, այն մեր պետականության և ինքնության վերջին ամրոցն է։ Այս կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն ազգադավություն է և պետականակործան քայլ։ Եկեղեցու դեմ պայքարողը պայքարում է Հայաստանի և հայության գոյության դեմ։
Միևնույն ժամանակ, մեր խորին զզվանքն ու ցասումն ենք հայտնում այն հոգևորականների վարքագծի կապակցությամբ, ովքեր, մոռանալով իրենց սրբազան երդումը, դարձել են օրվա իշխանության սպասարկուն։
Հոգևորականի սքեմի տակ թաքնված այդ դավաճանները, ովքեր սպասարկում են քաղաքական պատվերներ և պառակտում են ներեկեղեցական կյանքը, արատավորում են Հայ Եկեղեցու վարկը։ Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է։ Կոչ ենք անում նմաններին՝ սթափվել, դադարել լինել դավաճանական իշխանության գործիքը և մեղա գալ Հայոց Եկեղեցու և Աստծո առջև»: