Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 14:30
Իրավական

Շանթ Հարությունյանի գործով հրապարակվեց վերաքննիչ որոշումը

Շանթ Հարությունյանի գործով հրապարակվեց վերաքննիչ որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով որոշումը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված դատավճիռը թողնվեց ուժի մեջ, մերժվեցին ամբաստանյալների կողմից արված բողոքները:

 

Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի դահլիճում հավաքված հարազատները աղմուկ բարձրացրեցին և վիրավորական բառեր էին հնչեցնում՝ ուղղված  դատարանին և ՀՀ իշխանություններին: Դատին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով բացականչեց, թե վերաքննիչ դատարանի որոշումը «հանուն Հայաստանի Հանրապետության չէր»:

 

Նշենք, որ, համաձայն առաջին ատյանի դատավճռի, Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նրա որդի Շահեն Հարությունյանը` 4 տարի պայմանական ազատազրկման: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը անմեղ է ճանաչել, իսկ խուլիգանություն կատարելու համար դատապարտել 6 տարվա ազատազրկման: Վահե Մկրտչյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել` մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Խուլիգանություն կատարելու համար դատապարտվել են նաեւ Ալեք Պողոսյանը՝ 4 տարվա ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարվա ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը` 5 տարվա ազատազրկման, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5 տարվա ազատազրկման, Վարդան Վարդանյանը` 5 տարվա ազատազրկման: Հայկ Հարությունյանը 4.5 տարվա ազատազրկման է ենթարկվել ոչ միայն խուլիգանության, այլեւ զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու համար: Միսակ Առաքելյանի նկատմամբ նշանակվել էր տուգանք՝ 50.000 դրամի չափով: Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, Սևակ Մնացականյանը` 1,6 տարվա ազատազրկման, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման: