կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-27 12:21
Հասարակություն

Հակառակորդի տարածքն անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի. Սեյրան Օհանյան

Հակառակորդի տարածքն անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի. Սեյրան Օհանյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ 2015թ. սկսվեց շփման գծում ավելի մեծ լարվածությամբ, երբ Ադրբեջանը որդեգրեց հանդուգն և լկտի պահվածք: «Սակայն Ադրբեջանը կրկին պարտվեց, քանի որ հայ զինվորն իր տունն է պաշտպանում, նրա գործն ազնիվ է ու ճշմարիտ: Մենք ոչ թե կորցրեցինք, այլ գտանք մեր այն զինվորներին, որոնք բարձր պահեցին Հայոց բանակի պատիվը»,- ասաց նախարարը:

 

Նա նշեց, որ այս տարի էլ ամրապնդելու են ՀՀ ԶՈՒ ձեռքբերումներն ու դիրքերը` ապացուցելով, որ դա ոչ թե պատահականություն է, այլ տարիների աշխատանքի ու անձնուրաց ծառայության արդյունք:

 

Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ նախագահի` երեկվա սուր ելույթը, որում ասվում է, որ խորտակիչ հարված են հասցնելու հակառակորդին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ 1994թ. Հայաստանը ստորագրել է հրադադարի պահպանման պայմանագիր, բայց վերջ տարիներին հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակը` նպատակ ունենալով հաջողությունների հասնել բանակցային գործընթացում, և Ադրբեջանին այդ գործելաոճից ետ չեն պահում ո'չ սեփական անձնակազմի կորուստները, ո'չ էլ անհաջողությունները:

 

«Այս իրավիճակը մեզ համար ընդունելի չէ, և հաշվի առնելով ժողովրդի մոտ ունեցած տպավորությունները իրավիճակի վերաբերյալ` պետք է կտրուկ որոշումներ ընդունենք` կա'մ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը, կա'մ պարտադրենք խաղաղություն Ադրբեջանին այլ միջոցներով: Եթե այս սրացումները շարունակական են, և մենք տեսնում ենք միտումներ, անպայման պետք է իրականացնենք կանխարգելիչ միջոցառումներ,  մենք դրա հնարավորություններն ունենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Հարցին, թե ո՞րն է այն կարմիր գիծը, որից հետո որոշումներ պետք է կայացնի ՊՆ-ն, նախարարը պատասխանեց, որ ՊՆ-ն միշտ հետևում է հակառակորդին, նրա կազմը, դիրքը, հնարավոր գործողությունների բնույթը, վերախմբավորումները և կուտակումները, թե ինչ նպատակ են հետապնդում: Ըստ նրա` ինչ նպատակ էլ ունենա հակառակորդը, ՀՀ ԶՈՒ գործողությունները հստակ են լինելու և կարողանալու են իրականացնել նաև կանխարգելիչ գործողություններ:

 

Նախարարը նշեց, որ եթե հակառակորդը կարծում է, թե,  հանուն հրադադարի պահպանման, Հայաստանը չի դիմելու այլ գործողությունների, ապա սխալվում է: «Մենք պատրաստ ենք այլ գործողությունների: Հակառակորդի տարածքն անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի»,- ասաց Սեյրան Օհանյանը: