կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 14:35
Աշխարհ

Շիա առաջնորդը հայտարարել է, որ «Հըզբոլլահ»-ը պատրաստ է պատերազմի դեպքում հարվածել Իսրայելի ցանկացած կետի

Շիա առաջնորդը հայտարարել է, որ «Հըզբոլլահ»-ը պատրաստ է պատերազմի դեպքում հարվածել Իսրայելի ցանկացած կետի

Ռազմական գործողությունների դեպքում շիա «Հըզբոլլահ»-ի մարտիկներն ունակ են հարվածներ հասցնել Իսրայելի ցանկացած կետի. ըստ ՏԱՍՍ-ի՝ կիրակի նախազգուշացրել է կուսակցության առաջնորդ Հասան Նասրուլլահն Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Դիմադրության ուժերը վերջին ժամանակներս կրկնապատկել են իրենց զինանոցը և ունեն բավականաչափ ճշգրիտ հրթիռներ՝ ագրեսիայի դեպքում Իսրայելի ցանկացած կետ խոցելու համար»,- ասել է նա:

Ըստ Նասրուլլահի՝ շիա զինյալները «համապատասխան զենք» են կիրառում նաև իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ, որոնք «շատ ավելի քիչ հավանական են դարձրել դրանց՝ լիբանանյան երկնքում հայտնվելը»:

«Հըզբոլլահ»-ի առաջնորդն ասել է, որ դիմադրության ստորաբաժանումները լիարժեք պատրաստության վիճակում են, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ ռազմական արկածախնդրության դիմի: Բացի այդ՝ նա հիշեցրել է, որ «Հըզբոլլահը» պահպանում է իր հրամանատարի՝ երկու ամիս առաջ Դամասկոսի հարավային ծայրամասերում իսրայելական օդային հարվածի հետևանքով Ալի Մոհսենի սպանությանը պատասխանելու իրավունքը:

Անդրադառնալով նախագահ Ջո Բայդենի օրոք Իրանի ու ԱՄՆ-ի միջև նոր գործարք կնքելու հնարավորությանը՝ շիա քաղաքական գործիչը շեշտել է, որ նման համաձայնագրերը «ոչ մի դեպքում չեն լինի ի վնաս տարածաշրջանի ժողովուրդների շահերի»: